Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագրին:

ՀՀ-ի համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելը) ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել ըստ երեք ենթահատվածների՝

27.12 կմ երկարությամբ Հյուսիսային ենթահատված, կմ0+000 ÷ կմ27+125,

8.65 կմ երկարությամբ Բարգուշատի թունելի ենթահատված, կմ27+125 ÷ կմ35+775,

24.25 կմ երկարությամբ Հարավային ենթահատված, կմ35+775 ÷ կմ60+022 (այսուհետ՝ Ծրագիր):

«Առկա 118 կմ ճանապարհը կկրճատի, կդարձնի 60 կմ՝ Քաջարևանից մինչեւ Սիսիան: Բացի այդ, առկա 50 կմ/ժամ արագությունը կդարձնի 100 կմ/ժամ: Ամբողջովին այլ որակի ճանապարհ և ենթակառուցվածք կունենանք իր տնտեսական, տուրիստական և այլ առումներով»,-ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով նախագիծը:

Նախարարը նաև նկատեց՝ ֆինանսավորման համար վարկային ընդհանուր միջոցները մոտ 373 միլիոն եվրո է, որից ՎԶԵԲ-ի հետ 236 միլիոնի համար է նախատեսվում կնքել համաձայնագիր:

«Ընդհանուր առմամաբ շինարարության համար նախատեսվում է մինչև 2030 թվական ժամկետ և ևս 2 տարի հավելյալ այլ պատասխանատվությունների, կամ եթե թերություն լինի դրանց վերացման համար»,- ասաց Սանոսյանը:

Հարավային ենթահատվածը նախատեսվում է իրականացնել ՎԶԵԲ և ԵՆԲ համաֆինանսավորմամբ: Համաձայն ՎԶԵԲ-ի կողմից ներկայացված նախնական գնումների պլանի՝ հարավային ենթահատվածի ֆինանսավորման համար անհրաժեշտ վարկային միջոցները կազմում են 373,0 մլն եվրո, որից 236 մլն եվրոն նախատեսվում է ներգրավել ՎԶԵԲ-ից, իսկ մնացած 137 մլն եվրոն՝ ԵՆԲ-ից:

Այսպիսով՝ Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային ենթահատվածի կառուցման ֆինանսավորման նպատակով ՀՀ-ի ու ՎԶԵԲ-ի միջև նախատեսվում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագրի կնքում՝ 236 մլն եվրո արժողությամբ:

Համաձայնագրի շրջանակներում կառուցվելու է 24.25 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատելու Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը մինչև 100 կմ/ժ, կբարձրացվեն երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։ Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ տրանսպորտի ներգրավմանը և տուրիզմի զարգացմանը:

Ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները ներառում են.

ասֆալտբետոնե պատվածքով 11.1մ լայնությամբ (այդ թվում՝ նաև ամրացված կողնակներ), 3 երթևեկելի գոտիներով (3.30մ) ճանապարհի կառուցում,

5 թունելների, 11 կամուրջների, 68 հեղեղատների, 43 հենապատերի կառուցում,

անվտանգ երթևեկությունն ապահովող այլ աշխատանքների իրականացում:

Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2032թ․ նոյեմբերը:

Տեսանյութեր

Լրահոս