Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Պանամայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթել է անվտանգության նախկին նախարար Խոսե Ռաուլ Մուլինոն՝ ստանալով ձայների գրեթե 35 %-ը։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Նա երկրի նախկին նախագահ Ռիկարդո Մարտինելլիի համախոհն է․վերջինս դատապարտվել է 10 տարվա ազատազրկման փողերի լվացման համար, և նրան արգելվել է մասնակցել ընտրություններին։
Մարտինելլին մեծապես աջակցել է Ռաուլ Մուլինոյի նախընտրական արշավին՝ գտնվելով Նիկարագուայի դեսպանատանը, որտեղ ապաստան է խնդրել։
Ըստ նախնական տվյալների՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է 77 %, ինչը բավական մեծ ցուցանիշ է Պանամայի համար։ Պանամայում ընտրություններում հաղթում է այն թեկնածուն, որը ստացել է ամենամեծ թվով ձայները։
Պանամայի նախագահ Լաուրենտինո Կորտիսոն շնորհավորել է Մուլինոյին հաղթանակի կապակցությամբ։