Բաժիններ՝

ԱՄՆ-ի համալսարաններում պաղեստինամետ ցույցերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել

ԱՄՆ-ի տարբեր համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայի հատվածում ընթացող պատերազմի դեմ։ Վերջին 24 ժամվա ընթացքում հարյուրավոր ցուցարարներ են ձերբակալվել։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

Ցուցարարները պահանջում են, որ համալսարանները հրաժարվեն այնպիսի ընկերությունների հետ համագործակցությունից, որոնք աջակցում են Իսրայելին և Գազայի հատվածում այդ երկրի ծավալած ռազմական գործողություններին։

Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում ոստիկանական ուժերի մեծ ներկայություն կա։ Լոս Անջելեսի ոստիկանությունը համալսարանում տեղակայված վրանային ճամբարի հետ կապված «մարտավարական ահազանգ» է հայտարարել, իսկ ցուցարարները նախազգուշացվել են, որ նրանց դեմ կարող են վարչական գործողություններ կիրառվել։

Իր հերթին Reuters գործակալությունը հաղորդում է, որ ոստիկանների մեծ ներկայությունը պայմանավորված է նրանով, որ ապրիլի 30-ի գիշերը և մայիսի 1-ի առավոտյան վրանային ճամբարում գտնվող ցուցարարների վրա հարձակվել են մի խումբ դիմակավորված իսրայելամետ ցուցարարներ։

Արիզոնայի համալսարանում, ըստ CNN-ի, մայիսի 1-ին իրավապահները ցուցարարների դեմ կիրառել են պղպեղի գնդակներ և ռետինե փամփուշտներ:

Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում և Նյու Յորքի քաղաքային քոլեջում ապրիլի 30-ի գիշերը մոտ 300 ցուցարար է ձերբակալվել։ Ըստ Նյու Յորքի քաղաքային քոլեջի հայտարարության՝ ցուցարարները կոտրել են ապակե դռները, նկարել են պատերին և վնասել հանրային սեփականությունը։

Դարթմութի քոլեջում ցույցի ժամանակ 90 մարդ է ձերբակալվել։ Ցույցեր են տեղի ունեցել նաև Ֆորդհամի համալսարանում, Բուֆալոյի համալսարանում, Նյու Հեմփշիրի համալսարանում, Տեխասի համալսարանում և այլուր։ Կատարվել են տասնյակ ձերբակալություններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս