Բաժիններ՝

G7-ի երկրները համաձայնության են հասել մինչև 2035թ. ածխից հրաժարվելու շուրջ

«Մեծ յոթնյակի» (G7) երկրների էներգետիկայի նախարարներն սկզբունքային համաձայնություն են հասել մինչև 2030-ականների առաջին կեսը էլեկտրաէներգիայի արտադրության մեջ ածխի օգտագործումը դադարեցնելու շուրջ: Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

«Կա տեխնիկական համաձայնություն», – Իտալիայի էներգետիկայի նախարար Ջիլբերտո Պիկետո-Ֆրատինն ասել է ապրիլի 29-ին Թուրինում կայացած հանդիպման ժամանակ։

Վերջնական համաձայնագիրը պետք է ստորագրվի ապրիլի 30-ին։ Այդ ժամանակ կհրապարակվի տնտեսության դեկարբոնիզացման (ածխաջրածիններից հրաժարման) մանրամասն պլանը։

G7-ի երկրները դեռ 2023 թվականին պայմանավորվել էին հրաժարվել ածխով աշխատող էլեկտրակայաններից, սակայն երկրները չէին կարողացել համաձայնության գալ ընդհանուր ժամկետի շուրջ:

Վերջնական համաձայնագիրը քայլ կլինի 2023 թվականին Դուբայում ՄԱԿ-ի կլիմայի համաժողովում համաձայնեցված նպատակներին հասնելու համար: Կլիմայի փոփոխության COP28 միջազգային համաժողովի ամփոփիչ փաստաթուղթը կոչ է անում հրաժարվել հանածո վառելիքից, սակայն նրանում հստակորեն ամրագրված չէ փուլային հրաժարումը ածխից, նավթից և գազից:

Միևնույն ժամանակ Իտալիան, որն այս տարի նախագահում է G7-ը, մտադիր է արդեն մինչև 2025 թվականն անջատել ածխով աշխատող իր բոլոր էլեկտրակայանները, բացառությամբ Սարդինիա կղզում գտնվող էլեկտրակայանների: Գերմանիան, որտեղ էլեկտրաէներգիայի 26 տոկոսը դեռևս ստացվում է ածխով աշխատող էլեկտրակայաններից, պլանավորել է մինչև 2038 թվականն ամբողջությամբ հրաժարվել ածխից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս