ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել Բայդենի վարչակազմին օդային ճանապարհով տարհանել ԼՂ-ում պայթյունից տուժածներին
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է արել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ առանց հապաղելու մարդասիրական օգնություն տրամադրել Արցախում պայթյունի հետևանքով տուժածներին, որոնք այս պահին Ստեփանակերտում չեն կարողանում ստանալ անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին Շիֆը գրառում է կատարել X սոցիալական ցանցի իր էջում։
«Իմ գրասենյակն ուշադիր հետևում է Արցախում զարգացող իրադրությանը։ Խիստ մտահոգիչ են տեղեկությունները պայթյունի հետևանքով հարյուրավոր վիրավորների մասին։ Կոչ եմ անում Բայդենի վարչակազմին անհապաղ մարդասիրական օգնություն ուղարկել և օգնել տուժածներին օդային ճանապարհով տարհանելու հարցում։ Նախագահ Ալիևը պետք է առանց նախապայմանների ու սահմանափակումների թույլ տա օգնության ազատ հոսքը»,- նշել է Ադամ Շիֆը