Ռայիսին կարևորել է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ապահովումը

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ տարածաշրջանում Իրանի զինված ուժերի ներկայությունը կկանխի սահմանների փոփոխությունը։ Ռայիսին նման պնդում է արել՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների մասին։

«Իրանի զինված ուժերի հեղինակավոր ներկայությունը կկանխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն և սահմանների փոփոխություն», – ԻՐՆԱ գործակալությունը փոխանցում է Ռայիսիի խոսքերը։

Իրանի նախագահը նաև շեշտել է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը։

«Ղարաբաղն, անկասկած, պատկանում է Ադրբեջանի Հանրապետությանը, սակայն հարկավոր է հայերի իրավունքներն ապահովել այնպես, որ տարածաշրջանում պաշտպանված լինեն նրանց անվտանգությունն ու իրավունքները», – ասել է Ռայիսին։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում սկսեց, ինչի հետևանքով, վերջին տվյալներով, հայկական կողմն ունի առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։ Զոհերի և վիրավորների թվում կան քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ: Սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ։ Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Կողմերը պայմանավորվել են առաջիկայում նոր հանդիպում ունենալ։

Տեսանյութեր

Լրահոս