Բռնություն գործադրելու միջոցով ոստիկանության ծառայողի գործունեությունը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի բնակչուհի. ՔԿ
Բռնություն գործադրելու միջոցով ոստիկանության ծառայողի գործունեությանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի 47-ամյա բնակչուհի: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն:
«Հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թվականի սեպտեմբերի 21-ին մայրաքաղաքում անցկացվող զանգվածային ակցիաների ընթացքում դրա մի խումբ մասնակիցներ ժամը 20:50-ի սահմաններում փակել են Երևան քաղաքի Կորյուն-Հերացի փողոցների խաչմերուկը։ Փողոցը բացելու և հասարակական կարգը պահպանելու վերաբերյալ տեղում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակցի օրինական պահանջը ակցիայի մասնակիցների կողմից անտեսելու պայմաններում դրա մասնակիցներից մի կին մոտեցել է ոստիկանության տվյալ աշխատակցին և ձեռքերով հարվածներ հասցրել վերջինիս դեմքի և կրծքավանդակի շրջաններին, խոչընդոտել նրա կողմից իր ծառայողական պարտականությունների կատարմանը։
Նշված հանցավոր արարքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով դեպքի վայրից նշված կինը՝ Երևան քաղաքի 47-ամյա բնակչուհին, տեղափոխվել է ոստիկանության բաժին։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ վերջինս ձերբակալվել է:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: