Ադրբեջանի ագրեսիան բացահայտ ցույց է տալիս ԼՂ բնակչության դեմ էթնիկ զտումների ենթարկելու Բաքվի մտադրությունը. Միրզոյանը՝ Գերմանիայի արտգործնախարարին
Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Գերմանիայի գործընկերոջ՝ Անալենա Բերբոքի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Ինչպես տեղեկանում ենք ԱԳ նախարարությունից, Արարատ Միրզոյանը նշել է, որ 9-ամսյա շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան բացահայտ կերպով ի ցույց է դնում Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու Բաքվի մտադրությունը: Այս համատեքստում կարևորվել է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵՄ և իր անդամ պետությունների կողմից հրատապ քայլերի իրականացման և առկա մեխանզիմների կիրառման միջոցով Ադրբեջանի առավելապաշտական ու ագրեսիվ վարքագիծը զսպելու հրամայականը։ Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղում ոճրագործության կանխման հրամայականը, ինչպես նաև տարածաշրջանում երկարատև խաղաղության համատեքստում ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերի հասցեագրման կարևորությունը:
Երկուստեք ընդգծվել է նաև առկա խնդիրներն ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով լուծելու անթույլատրելիությունը: