«Ներկայացման հիմքում պատերազմի թեման է»
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն իր 158-րդ թատերաշրջանը մեկնարկում է «Շարքային թռչնակը» առաջնախաղով։ Այն մեկ գործողությամբ հոգեբանական դրամա է։ Ներկայացման ռեժիսորը Տաթևիկ Մելքոնյանն է։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը նշեց, որ ունեն նոր ռեժիսորներ հրավիրելու ավանդույթ և այդ համատեքստում հերթական համագործակցությունը Տաթևիկ Մելքոնյանի հետ է։
«Այս թատերաշրջանն առանձնահատուկ է նրանով, որ թատրոնի ամբողջ ճեմասրահի ապակիները փոխվեցին, ճակատային մասում փակցվել է թատրոնի անվանումը, որը չի եղել ու մեծ բաց էր, հասցրել ենք տանիքը վերանորոգել։ Սրանք շատ կարևոր եմ համարում, որովհետև լավ ներկայացումներից բացի, թատրոնի պայմանները ևս պետք է պատշաճ լինեն։ Եվ ահա այս փոփոխությունների հետ մեկտեղ թատրոնը ներկայանում է նոր ներկայացմամբ՝ «Շարքային թռչնակը»»,-ասաց Լյուդվիգ Հարությունյանը։
Ներկայացման առաջնախաղերը սեպտեմբերի 29-ին և 30-ին են։ Արդեն արձագանքներ կան, սեպտեմբերի 29-ի տոմսերն արդեն սպառված են։ Ռեժիսոր Տաթևիկ Մելքոնյանի խոսքով՝ ներկայացումն անմիջական առնչություն ունի մեր իրականության հետ, այն խաղաղության մասին է։
«Ներկայացման հիմքում պատերազմի թեման է, սակայն ավելի շատ այն խաղաղության մասին է, ինչին մենք բոլորս ձգտում ենք։ Այն նաև պատերազմի հետևանքների ու սիրո մասին է»,-ասաց Տաթևիկ Մելքոնյանը։
Արտուշ Միքայելյանը, որը «Շարքային թռչնակը» ներկայացման գլխավոր դերակատարն է, նշեց, որ որպես դերասան առաջին փորձն է Տաթևիկ Մելքոնյանի հետ։
«Պատրաստվում ենք մեծ պրեմիերայի, անհամբեր սպասում եմ առաջնախաղին։ Ասեմ, որ շատ առողջ ու ստեղծագործական փուլ ենք ունեցել ռեժիսորի հետ։ Ստեղծագործական ընթացքը բավական հետաքրքիր է անցել, շնորհակալ եմ վստահության համար»,-ասաց Արտուշ Միքայելյանը։
Թատրոնը չի բավարարվելու միայն «Շարքային թռչնակը» ներկայացմամբ։ Նոյեմբերին հանդիսատեսի դատին կհանձնվի Լևոն Շանթի «Ինկած բեմի իշխանուհին»՝ Լյուդվիգ Հարությունյանի և Արտուշ Միքայելյանի բեմադրությամբ։
Գյումրու թատրոնն իր ներկայացումներով լինում է Հայաստանի տարբեր քաղաքներում, բացի Երևանից։ Տնօրենի խոսքով՝ դա նպատակային է արվում, որ երևանցիները ներկայացումները դիտելու համար գնան Գյումրի։