Հայ-ամերիկյան զորավարժությունները կապված չեն որևէ այլ իրադարձության հետ․ ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ-ն պարբերաբար վարժանքներ է անցկացնում իր գործընկերների հետ, և Հայաստանը, լինելով ԱՄՆ-ի երկարամյա գործընկերը, մասնակցում է ԱՄՆ-ի զինված ուժերի հետ սովորական զորավարժությունների, որոնք այլ իրադարձություններով պայմանավորված չեն։

Այսպես է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը պատասխանել հարցին՝ արդյոք հայ-ամերիկյան զորավարժությունները նպատակ ունեն ինչ-որ կերպ կանխել Ադրբեջանի հնարավոր հարձակումը։

«Մենք կանոնավոր կերպով վարժանքներ ենք անցկացնում և գործում ենք մեր գործընկերների հետ միասին՝ պատրաստականությունը պահպանելու համար, և շարունակաբար կատարելագործում ենք մեր զինված ուժերի փոխգործունակությունը: Հայաստանը Միացյալ Նահանգների երկարամյա գործընկերն է և 2003 թվականից ի վեր կայուն հարաբերություններ ունի Կանզասի ազգային գվարդիայի հետ՝ որպես Պաշտպանության նախարարության պետական գործընկերության ծրագրի մի մաս: Այնպես որ, ո՛չ, սա սովորական վարժանք է, որը ոչ մի կերպ կապված չէ որևէ այլ իրադարձության հետ», – ասել է Պետքարտուղարության խոսնակը:

Միլլերին նաև խնդրել են անդրադառնալ հայ-ամերիկյան զորավարժությունների առնչությամբ Ռուսաստանի հնչեցրած մտահոգություններին։

«Կարծում եմ՝ հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը վերջին տարիներին ներխուժել է իր երկու հարևան երկրներ, այն պետք է զերծ մնա տարածաշրջանի երկրներին իրենց անվտանգությունը կազմակերպելու վերաբերյալ դասախոսություններ տալուց», – եզրափակել է Միլլերը։

Հայաստանում սեպտեմբերի 11-ին մեկնարկել է «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժությունը։ Ռուսական կողմը հայ-ամերիկյան զորավարժությունների առնչությամբ դժգոհություն էր հայտնել ու նշել, որ կվերլուծեն ԱՄՆ-ի հետ զորավարժություն անցկացնելու Հայաստանի որոշումը։ Զորավարժությունների հետ կապված ՌԴ ԱԳՆ էր հրավիրվել նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպանը, որի ժամանակ ռուսական կողմը բողոքի նոտա էր հղել։

Տեսանյութեր

Լրահոս