«Ասել եմ` այո». Փաշինյանը վերահաստատեց` Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչում
Նիկոլ Փաշինյանը պնդում է` Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի` 86 հազար 600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը, որի մեջ է նաև Արցախը:
«Ինձ հարց է հնչել` արդյոք 86 հազար 600 քառակուսի կմ-ի մեջ մտնո՞ւմ է Լեռնային Ղարաբաղը, ես ասել եմ` այո»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Փաշինյանը:
Նա ասաց, թե այս հայտարարությամբ Հայաստանը փորձել է արձանագրել իրադրության ու ճգնաժամի լուծման ճարտարապետության մասին պայմանավորվածությունը, ինչ պայմանավորվել են Ադրբեջանի հետ:
«Ադրբեջանը միշտ չէ, որ ցույց է տալիս հավատարմությունը պայմանավորվածություններին»,- նշեց նա։
Ըստ Փաշինյանի` Ադրբեջանն ի ցույց է դրել հարցերը ուժային ճանապարհով լուծելու իր մոտեցումը, ու Հայաստանը փորձ է անում քաղաքական հայտարարություններով ինչ-որ կերպ կառավարել ուժային սցենարները:
«Մենք ուզում ենք անել ու տեղավորվել այնպիսի ձևակերպումների մեջ, որ Հայաստանի դիրքորոշումների լեգիտմությունը լինի անխոցելի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: