Բաժիններ՝

G20-ի գագաթնաժողովը Հնդկաստանում կհսկեն 130 հազար ուժայիններ

Հնդկաստանի իշխանությունները ոստիկանության ու գվարդիայի շուրջ 130 հազար աշխատակիցների կմոբիլիզացնեն G20-ի գագաթնաժողովի անվտանգությունն ապահովելու նպատակով, որը սեպտեմբերի 9-10-ն անցկացվելու է Նյու Դելիում։ Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից:

Հնդկաստանի մայրաքաղաքում գագաթնաժողովի օրերին կարգուկանոնը կպահպանեն 80 հազար ոստիկաններ, նրանց կօգնեն կամավորական հայրենական գվարդիայի անդամները։ Ծառայություն կիրականացնեն նաև անվտանգության սահմանապահ ուժերը։ Չնախատեսված իրադրության դեպքում 400 հրշեջներ կգտնվեն պատրաստ վիճակում։

Գագաթնաժողովի ժամանակ իշխանությունները կկարգավորեն դեպի Նյու Դելի ուղևորությունը, կպաշտպանվեն քաղաքի սահմանները։ Կառավարությունը մտադիր է գագաթնաժողովի երեք օրերին խնդրել փակել առևտրային ձեռնարկությունները, դպրոցները, վարչական հաստատությունները։

Անվտանգության հատուկ միջոցներ պետք է գործեն այն հյուրանոցներում, որտեղ կիջևանեն գագաթնաժողովի ամենակարևոր հյուրերը, ներառյալ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Սպասվում է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Ավստրալիայի և Սաուդյան Արաբիայի ղեկավարների ժամանումը Հնդկաստան։ G20-ի գագաթնաժողովում ռուսական պատվիրակությունը կգլխավորի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս