Բաժիններ՝

Ընտանիքներով ԱՄՆ ժամանած անօրինական միգրանտների թիվը հասել է նոր ռեկորդի

Օգոստոսին ռեկորդային թվով անօրինական միգրանտներ են ընտանիքներով հատել Մեքսիկա-ԱՄՆ սահմանը։ Այս մասին հաղորդում է The Washington Post պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ սահմանապահ ծառայության նախնական տվյալները։

Օգոստոսին սահմանապահները ձերբակալել են ընտանիքներով ԱՄՆ ժամանած առնվազն 91 հազար միգրանտի։ Այս ցուցանիշը գերազանցել է 2019 թվականի մայիսի նախորդ ռեկորդը, երբ մեկ ամսվա ընթացքում սահմանն ապօրինի հատել էր 84 հազար մարդ։

Ընդհանուր առմամբ, սահմանաապահները Մեքսիկայի սահմանին օգոստոսին ձերբակալել են ավելի քան 177 հազար միգրանտի։ Հուլիսին այդ թիվը 132 հազար էր, հունիսին՝ մոտ 100 հազար։

Հրատարակության տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ ընտանիքներով երկիր ժամանած միգրանտների թիվը գերազանցել է միայնակ եկող միգրանտների թիվը։

ԱՄՆ Մաքսային և սահմանապահ հսկողության ծառայության տվյալներով՝ օգոստոսին սահմանային անցակետերում քննվել են ավելի քան 50 հազար միգրանտների գործեր՝ երկիր օրինական մուտքի համար, մինչդեռ ԱՄՆ վարչակազմը թույլ է տալիս միայն մինչև 1450 մարդու գրանցումը մուտքի թույլտվության ձևակերպման համար՝ հեռախոսային հավելվածի միջոցով։

ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության մամուլի քարտուղար Էրին Հիթերը հայտնել է, որ Բայդենի վարչակազմը փորձում է կասեցնել միգրանտների անօրինական մուտքը՝ ընդլայնելով երկիր տեղափոխման օրինական հնարավորությունները, ինչպես նաև խստացնելով սահմանի անօրինական հատման համար պատիժները։ Նրա խոսքով՝ օգոստոսին կառավարությունն ավելացրել է չվերթերի թիվը՝ ընտանիքների արտաքսման համար, իսկ մայիսից իրենց հայրենիք են հետ ուղարկել ավելի քան 17 հազար միգրանտների` երեխաներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս