Ռուսաստանի 17 տարածաշրջաններում մի քանի օրվա ընթացքում վատ եղանակի պատճառով 11 մարդ է մահացել
Օրերս Ռուսաստանի 17 տարածաշրջաններում մոլեգնած վատ եղանակը 11 մարդու կյանք է խլել։ Այդ մասին ТАСС-ին հայտնել են ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) մամուլի ծառայությունում։
«Ռուսաստանի ԱԻՆ-ը վերահսկում է 17 սուբյեկտների տարածքով առատ տեղումներով և մինչև 27 մ/վրկ քամու պոռթկումներով վտանգավոր և անբարենպաստ օդերևութաբանական երևույթների հետևանքների վերացումը: Տուժել է 82 մարդ։ Նրանցից 11-ը մահացել է, 35-ը` հոսպիտալացվել», – հայտնել են նախարարությունում։
Չուվաշիայում շարունակվում են երկու մարդու որոնումները Վոլգայի ջրատարածքում շրջված նավից։ Յոթ մարդու հաջողվել է փրկել։ Մերձվոլգյան մի քանի տարածաշրջաններում գրեթե 100 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության։
«Էներգամատակարարումը վերականգնվել է, բացառությամբ Պենզայի մարզի մեկ բնակավայրի», – հավելել են մամուլի ծառայությունում։
Վթարային-վերականգնողական աշխատանքները շարունակվում են: