Բաժիններ՝

Բազմաբնակարան շենքերի կառուցապատող ընկերությունը պայմանագրերում թաքցրել է իրական արժեքները. ՊԵԿ

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության ոլորտային թիվ 8 բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի Անաստաս Միկոյան փողոցի հասցեներից մեկում՝ բազմաբնակարան շենքերի կառուցապատման գործունեություն իրականացնող ՍՊ ընկերության կողմից, բնակարանների գնման իրավունքների պայմանագրերում բնակարանների արժեքները ցածր նշելու, ինչպես նաև բնակարանները ֆիզիկական անձանց անվամբ ձևական գրանցելու և հետագայում առավել բարձր արժեքներով այլ անձանց օտարելու միջոցով պայմաններ են ստեղծվում հարկման օբյեկտները թաքցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար։

ՊԵԿ-ից հայտնում են, որ իրականացվող օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում, ՍՊ ընկերության վաճառքի գծով փոխտնօրեն Հ․Ս․-ի հետ ենթադրյալ գնորդը ձեռք է բերել պայմանավորվածություն առ այն, որ 110 քմ մակերեսով բնակարանի գնման իրավունքի արժեքը կազմելու է 176․000 ԱՄՆ դոլար, որից 38․000 ԱՄՆ դոլարը պետք է վճարել կանխիկ եղանակով։ Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ վաճառքի գծով փոխտնօրենն ուղարկել է նոտարական վավերացման ենթակա պայմանագրի օրինակը: Նույն օրը, Երևանի նոտարական գրասենյակներից մեկի մոտ, ենթադրյալ գնորդը 38․000 ԱՄՆ դոլարը կանխիկ եղանակով վճարել է բնակարանի գնման իրավունքի ձևականորեն սեփականատիրոջը` Մ․Ա․-ին, որը գումարը փոխանցել է իր հետ գործարքի կատարման վայր ներկայացած Գ․Ս․-ին, ով հանդիսանում է ՍՊ ընկերության վաճառքի գծով փոխտնօրենի հայրը։

«Հսկիչ գնում» օպերատիվ հետախուզական միջոցառումն իրականացնելուց հետո մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նախապատրաստությանն օժանդակելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նոտարական գրասենյակի մոտակայքից Մ․Ա․-ն և Գ․Ս․-ն, իսկ ՍՊ ընկերության գրասենյակից Հ․Ս․-ն, օպերատիվ տարբեր խմբերի կողմից, անմիջապես ձերբակալվել և բերվել են ՊԵԿ ՀՕՀ վարչություն: Հաստատվել է, որ ՍՊ ընկերությանը պատկանող բնակարանի գնման իրավունքը նախապես ձևականորեն գրանցվել է ֆիզիկական անձ հանդիսացող Մ․Ա․-ի անվամբ՝ հարկման օբյեկտը թաքցնելու նպատակով, հետագայում այն վերջինիս անունից առավել բարձր արժեքով օտարելու համար։

Միաժամանակ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննչական գլխավոր վարչություն` մի խումբ անձանց կողմից նախանական համաձայնությամբ ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ: Ներկայացվել են ձերբակալված անձինք ու համապատասխան փաստաթղթերը: Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս