Բաժիններ՝

Հունաստանում անտառային հրդեհների պատճառով տարհանումները շարունակվում են

Հունաստանի Հռոդոս կղզում գիշերվա ընթացքում անտառային հրդեհներն է՛լ ավելի են տարածվել։ Կղզուց շարունակվում են ինքնաթիռներով մարդկանց տարհանումները։

BBC-ն հայտնում է, որ հարյուրավոր զբոսաշրջիկներ արդեն հեռացել են կղզուց, իսկ շատերը գիշերն անցկացրել են դպրոցներում, օդանավակայաններում և մարզական կենտրոններում՝ սպասելով իրենց թռիչքին։

Կորֆու և Էվիա կղզիներում, որտեղ նույնպես տարհանումներ են կատարվել, անտառային հրդեհները դեռ լիակատար վերահսկողության տակ չի հաջողվել վերցնել։

Անտառային հրդեհներ են սկսվել նաև Կրետե կղզում։

Հունաստանի վարչապետը ստեղծված արտակարգ իրավիճակը կքննարկի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հունաստանում մտահոգություններ կան նաև զբոսաշրջային ոլորտի վրա անտառային հրդեհների ազդեցության առնչությամբ։

Եվրոպայում մոլեգնող տապի ալիքի պատճառով անտառային հրդեհներ են բռնկվել Հունաստանում, Սիցիլիայում, Խորվաթիայում, Ալժիրում և Թունիսում։ Ալժիրում հրդեհների հետևանքով առնվազն 34 մարդ է զոհվել։ Սիցիլիայի օդանավակայանը փակվել է, երբ ջերմաստիճանը հուլիսի 24-ին հասել է 47 աստիճանի։

Ըստ գիտնականների՝ նման իրավիճակի պատճառներից է կլիմայի փոփոխությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս