Բաժիններ՝

Քիսինջերը Պեկինում հանդիպում է ունեցել Սի Ծինփինի հետ

Չինաստանի քաղաքացիները անչափ բարձր են գնահատում ԱՄՆ նախկին պետքարտուղար (1973-1977թթ.) Հենրի Քիսինջերի ներդրումը Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացման գործում։ Այդ մասին հուլիսի 20-ին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ամերիկացի նախկին դիվանագետի հետ հանդիպմանը Պեկինի Դյաոյույթայ պետական ​​նստավայրում։

«Չինացիները գնահատում են բարեկամությունը, և մենք երբեք չենք մոռանա մեր վաղեմի բարեկամին, Ձեր պատմական ներդրումը չին-ամերիկյան հարաբերությունների զարգացման և մեր ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում», – Սի Ծինփինի խոսքն է մեջբերում Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Չինաստանի ղեկավարը նշել է, որ Քիսինջերը վերջերս դարձել է 100 տարեկան, և նա ավելի քան 100 անգամ այցելել է Չինաստան։

«Այս երկու հարյուրների համադրությունը առանձնահատուկ է դարձնում Ձեր ներկայիս այցը Չինաստան», – ասել է Սի Ծինփինը։

Նա հիշեցրել է, որ 52 տարի առաջ Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում էին կրիտիկական կետում։

«Նախագահ Մաո Ցզեդունը, (ՉԺՀ-ի պետխորհրդի) վարչապետ Չժոու Էնլայը, (ԱՄՆ) նախագահ (Ռիչարդ) Նիքսոնը և Դուք ինքներդ, ունենալով հիանալի ռազմավարական պատկերացում, ճիշտ ընտրություն կատարեցիք՝ սկսելով չին-ամերիկյան հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը փոխեց երկու երկրներն ու աշխարհը», – ասել է Սի Ծինփինը։

«Չինաստանն ու Միացյալ Նահանգները կրկին հայտնվել են ճամփաբաժանում, և երկու կողմերն էլ պետք է կատարեն հերթական ընտրությունը», – ասել է Սի Ծինփինը։

Չինաստանի ղեկավարը հիշեցրել է, որ Պեկինը մտադիր է Վաշինգտոնի հետ հարաբերությունները կառուցել երեք սկզբունքների՝ փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության և փոխշահավետ համագործակցության հիման վրա:

Իր հերթին Քիսինջերը նշել է, որ իր համար մեծ պատիվ է այցելել Չինաստան։

«Ես շատ շնորհակալ եմ չինական կողմին այս հանդիպումը կազմակերպելու հմար», – ընդգծել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է, որ Քիսինջերը Չինաստան է մեկնել սեփական նախաձեռնությամբ, ոչ ԱՄՆ-ի իշխանությունների անունից։ Հուլիսի 18-ին ԱՄՆ նախկին պետքարտուղարը Պեկինում հանդիպում է ունեցել Չինաստանի պաշտպանության նախարարի հետ։

Հուլիսի 19-ին Քիսինջերը հանդիպել է Չինաստանի կոմկուսի կենտկոմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Իի հետ:-

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս