Բաժիններ՝

Բլինքենը հայտարարել է, որ Արևմուտքը և Կիևը կքննարկեն Ուկրաինայից պարենամթերքի արտահանման այլ տարբերակներ

Արևմուտքը և Կիևը կքննարկեն Ուկրաինայից սննդամթերքի արտահանման հնարավորությունը՝ Սևծովյան հացահատիկի նախաձեռնության դադարեցման պայմաններում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ մեկնաբանելով համաձայնագրերից դուրս գալու՝ Ռուսաստանի որոշումը։

«Ուկրաինացիները և մենք, մյուս (երկրները), կտեսնենք՝ արդյոք այլ տարբերակներ կան», – ասել է Բլինքենը լրագրողների հետ ճեպազրույցում։

Միաժամանակ նա խոստովանել է, որ Ռուսաստանի որդեգրած դիրքորոշման պատճառով դժվար կլինի իրականացնել նման ծրագրեր։

«Մարտահրավերը հետևյալն է. եթե Ռուսաստանը դադարեցնում է այս նախաձեռնությունը և ազդանշան ուղարկում, որ հացահատիկը և այլ պարենային ապրանքները չեն կարող անարգել լքել Ուկրաինան, ապա եթե նույնիսկ այլ տարբերակներ գտնվեն, կարծում եմ՝ դա լուրջ սթափեցնող ազդեցություն կունենա այդ տարբերակներն իրագործելու հնարավորության վրա», – ասել է Բլինքենը՝ նշելով, որ երկրները և փոխադրողներն առանց այդ համաձայնագրի կանհանգստանան իրենց անձնակազմի անվտանգության համար։

ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը չի բացառել ուկրաինական սննդամթերքը համաշխարհային շուկա դուրս բերելու համար այլ ուղիներ գտնելը, այդ թվում՝ երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով։ Նա, սակայն, շեշտել է, որ այդ դեպքում չեն կարող ապահովվել արտահանման անհրաժեշտ ծավալները։

ԱՄՆ պետքարտուղարությունը նաև հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Ռուսաստանի կառավարությանը «վերանայել իր որոշումը, վերսկսել բանակցությունները, երկարաձգել, ընդլայնել և ամբողջությամբ իրականացնել հացահատիկի գործարքի» պայմանները:

Ռուսաստանը «հացահատիկի գործարքից» դուրս գալու մասին հայտնել էր հուլիսի 17-ին, երբ լրացավ գործարքի երկարաձգման վերջնաժամկետը։ Կրեմլում այս քայլը պատճառաբանում են նրանով, որ սևծովյան համաձայնագրերի՝ Ռուսաստանին վերաբերող մասը չի կատարվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս