Բաժիններ՝

ԵՄ-ն 100 միլիոն եվրո կհատկացնի Թունիսին

Եվրամիությունը 100 մլն եվրո կհատկացնի Թունիսին՝ սահմանային վերահսկողության և անօրինական միգրացիայի դեմ պայքարի հետ կապված գործունեության իրականացման համար։ Ինչպես տեղեկանում ենք Tunis Afrique Presse գործակալությունից, հուլիսի 16-ին այդ մասին Թունիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Ֆոն դեր Լայենը մասնակցել է Թունիսի և ԵՄ-ի միջև ռազմավարական և համապարփակ գործընկերության շուրջ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը, որին ներկա են եղել նաև Թունիսի նախագահ Կայիս Սայիդը, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին, ինչպես նաև Նիդերլանդների վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուտեն:

Ֆոն դեր Լայենի խոսքով` Թունիսի հետ համաձայնագրի շրջանակներում «ԵՄ-ն 100 միլիոն եվրո կհատկացնի որոնողափրկարարական, սահմանային հսկողության, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի և իրավակարգի ապահովման բնագավառում գործընկերության և համագործակցության խորացման համար»:

«Այդ միջոցներն օրինական միգրացիայի աջակցության ջանքերի մի մասն են», – ընդգծել է Եվրահանձնաժողովի ղեկավարը՝ մատնանշելով «Թունիսի հետ գործընկերության կարևորությունը՝ ապահովելու, որ մարդիկ Միջերկրական ծովի երկու ափերում օգտվեն դրա առավելություններից»:

Ֆոն դեր Լայենը նաև հայտարարել է վճռական գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտության մասին հանցագործների դեմ, որոնք զբաղվում են Աֆրիկայից Միջերկրական ծովով Եվրոպա անօրինական միգրանտների տեղափոխմամբ։

Միջազգային կազմակերպությունների տվյալներով՝ Թունիսի ափերից դեպի ԵՄ ուղին մնում է Միջերկրական ծովով անօրինական միգրանտների փոխադրման ամենահաճախակի օգտագործվող երթուղիներից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս