Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումն այսօրվանից կծավալվի նաև Հայաստանի Հանրապետությունում. ԱՀ պետնախարար

Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը այսօրվանից կծավալվի նաև Հայաստանի Հանրապետությունում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՂ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Առավոտյան ժամը 11։00-ից ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության և Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համակարգմամբ կկազմակերպվեն Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրազեկման ակցիաներ։ Կոչ եմ անում բոլորին միանալ շարժմանը և մասնակից դառնալ նախատեսված միջոցառումներին։

Հումանիտար աղետալի վիճակում գտնվող Արցախի ժողովուրդը ելել է ոտքի ու դիմում է բոլոր հայերին՝ Սփյուռքում և Հայաստանում, այնինչ անգամ այս իրավիճակում կան մարդիկ, որոնք, առաջնայինը թողած, ընկած են պատճառաբանությունների հետևից․ մեկն ասում է՝ եթե ակցիան ուղղված չէ ռուսների դեմ, չեմ մասնակցում, մյուսը Արևմուտքին է դեմ, երրորդը պահանջում է դեսպանատների փոխարեն ՀՀ կառավարության առաջ հավաքվել, մեկ ուրիշը այլ պատվերներ ունի։

Որպես Արցախում ստեղծված օրհասական վիճակին ամենախորը տիրապետող մարդ, խնդրում եմ վերջ տալ այդ պատճառաբանություններին, համախմբվել ու գործել, բոլոր ուղղություններում էլ ասելիք ու անելիք կա։ Իսկ եթե անհրաժեշտ են սեփական անգործությունը հիմնավորող պատճառաբանություններ, գոնե կողքից մի խանգարեք»,- գրել է նա:

Տեսանյութեր

Լրահոս