Զելենսկին «աննախադեպ և անհեթեթ» է համարում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության ժամկետներ չնշելը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դատապարտել է ՆԱՏՕ-ին՝ նշելով, որ երկրի՝ դաշինքին միանալու համար ժամկետներ չտրամադրելն «անհեթեթ» է։ Այս մասին Ուկրաինայի նախագահը գրառում է արել Twitter-ում։
«Աննախադեպ և անհեթեթ է, երբ ժամանակ չի սահմանվում ո՛չ Ուկրաինայի անդամակցության հրավերի, ո՛չ անդամակցության համար։ Մինչդեռ միևնույն ժամանակ աղոտ ձևակերպումներ են ավելացվում նույնիսկ Ուկրաինային հրավիրելու «պայմանների» մասին», – գրել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի համոզմամբ՝ սա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի կողմից չկա պատրաստակամություն՝ Ուկրաինային հրավիրելու ՆԱՏՕ կամ երկիրը դաշինքի անդամ դարձնելու։
«Սա նշանակում է, որ հնարավորության պատուհան է թողնվել Ռուսաստանի հետ բանակցություններում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը սակարկելու համար», – գրել է Զելենսկին՝ նշելով, որ այդ հարցը կբարձրացնի գագաթնաժողովի ընթացքում։