Ջրվեժում 18-ամյա և 17-ամյա քաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով․ կան վիրավորներ․ Shamshyan.com
Այսօր՝ հուլիսի 8-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ գյուղի Հ. Թևոսյան փողոցում գտնվող «Արմենիա» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունենում, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ և կան վիրավորներ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ նշված ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել 18-ամյա Սամվել Գասպարյանի և 17-ամյա Սլավիկ Ղ.-ի, 18-ամյա Գոռ Մ.-ի և 17-ամյա Ռուբեն Ա.-ի միջև, որի ժամանակ Ս. Գասպարյանը գազային կամ օդաճնշիչ ատրճանակով կրակոցներ է արձակել նշված անձանց ուղղությամն, ինչի հետևանքով վերջինները ստացել են վնասվածքներ:
Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորներին բուժօգնություն են ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց:
Դեպքի փաստով Ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվել և այն փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ Սամվել Գ.-ին և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: