Բաժիններ՝

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն ակնարկել է «Ֆուկուսիմա»-ին առնչվող զեկույցի հեղինակների շրջանում հնարավոր տարաձայնությունների մասին․ Reuters

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսին Reuters-ին տված բացառիկ հարցազրույցում ակնարկել է, որ Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանից ջրահեռացման վերաբերյալ զեկույցի հեղինակներից ոմանք, հնարավոր է, մտահոգություններ են ունեցել։

Հուլիսի 4-ին ՄԱԳԱՏԷ-ն հրապարակել էր զեկույց՝ ընդգծելով, որ ջրահեռացման Ճապոնիայի ծրագրերը համապատասխանում են միջազգային չափանիշներին: ՄԱԳԱՏԷ-ից հայտնել էին, որ չափազանց աննշան են համարում ջրի բացթողման ազդեցությունը տարածաշրջանի բնակիչների և էկոհամակարգի վրա։

Զեկույցի վրա աշխատել են փորձագետներ 11 երկրներից, այդ թվում՝ Չինաստանից, որը Ճապոնիայի ծրագրին խիստ քննադատաբար է մոտենում։

Փորձագետների շրջանում տարաձայնությունների վերաբերյալ Reuters-ի հարցին Գրոսին պատասխանել է․ «Ես լսել եմ, որ նման բան է ասվել․․․ Սակայն կրկնում եմ, որ այն, ինչ մենք հրապարակել ենք, գիտական տեսանկյունից անթերի է»։

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը նշել է, որ փորձագետներից որևէ մեկն իրեն անձամբ չի հայտնել նման մտահոգությունների մասին։

Չինաստանի Global Times թերթն իր հերթին հաղորդել է, որ ՄԱԳԱՏԷ-ի խմբում ներգրավված չինացի փորձագետը հիասթափված է «հապճեպ» զեկույցի պատճառով։

Գրոսիի խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ի կողմից զեկույցի հրապարակումը չի նշանակում, որ ջրահեռացման պլանը հաստատված է․ Տոկիոն՝ ինքը, պետք է վերջնական որոշում կայացնի։

«Ֆուկուսիմա-1» ատոմակայանի տարածքում այժմ ավելի քան 1,25 միլիոն տոննա ջուր է կուտակվել բաքերում, որն օգտագործվել է 2011 թ․ մարտին ցունամիի հետևանքով վնասված ռեակտորների սառեցման համար։ Ճապոնիայի կառավարությունը պնդում է, որ ջուրն, ընդհանուր առմամբ, մաքրված է ռադիոակտիվ նյութերից և պարունակում է միայն ջրածնի իզոտոպ՝ տրիտում։ 2021 թ․ ապրիլին Տոկիոն որոշում է կայացրել այդ ջրի զգալի քանակություններ լցնել օվկիանոս: Դա պետք է տեղի ունենա այս ամառվա վերջում։

Չինաստանը սահմանափակել է սննդամթերքի ներմուծումը Ճապոնիայից՝ «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ից ջրահեռացման որոշման պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31