Այս իշխանության համար հող կամ հայրենիք հանձնելը դարձել է սովորական. Տիգրան Աբրահամյան
Ռազմաքաղաքական իրավիճակն Արցախի շուրջ շարունակում է շատ ծանր մնալ, սրան զուգահեռ՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին այս իշխանության հայտարարություններն իրավիճակն ավելի են ծանրացնում։
«Ադրբեջանն ագրեսիայի համակարգային միջոցառումներ է իրականացնում, որի պայմաններում Արցախի դիմակայության հնարավորությունները դժվարանում են»,- ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ ընդգծելով, որ այս իշխանության նպատակն Ադրբեջանին նոր տարածքների հանձնման համար նպաստավոր իրավիճակ ստեղծելն է՝ հայելային հետքաշման անվան տակ։
«Ադրբեջանը հետպատերազմյան 3 տարիների ընթացքում արել է առավելագույնը՝ մխրճվելու, ռազմավարական կարևորագույն բարձունքներ զբաղեցնելու համար, ուստի հիմա, եթե սրան գումարվի հայելային հետքաշում ասվածը, ապա դա բերելու է նրան, որ Ադրբեջանը նոր հնարավորություն է ստանալու վերահսկողություն սահմանելու հայկական տարածքների նկատմամբ։ Ուշագրավ է, որ հայելային հետքաշման մասին խոսում են ոչ այնքան՝ ադրբեջանական, որքան՝ հենց Հայաստանի իշխանությունը, որի համար հող հանձնելը դարձել է սովորական»,- ասաց Աբրահամյանը։



