Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի ուժերն արգելափակել են Կոսովո և Մետոքիայի հյուսիսում գտնվող վարչական շենքերը

ՆԱՏՕ-ի հովանու ներքո գտնվող Միջազգային անվտանգության ուժերը (KFOR) արգելափակել են քաղաքացիների մուտքը դեպի Կոսովո և Մետոքիայի հյուսիսում գտնվող քաղաքային վարչակազմերի շենքեր Զվեչան, Լեպոսավիչ և Զուբին Պոտոկ մունիցիպալիտետներում։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, իրադարձությունների վայրից հեռարձակում է վարում Kosovo Online հարթակը:

Հաղորդվում է, որ KFOR-ի ուժերի հետևում կանգնած են Կոսովոյի ոստիկանության և հատուկ ստորաբաժանումների ներկայացուցիչներ։

Քաղաքացիներն սկսել են հավաքվել իրավապահների շղթաների մոտ՝ պահանջելով թույլ տալ իրենց գնալ աշխատանքի և Պրիշտինայի ոստիկաններին դուրս բերել սերբական վարչական շենքերից։ Ի վերջո, քաղաքացիները փորձել են ճեղքել իրավապահների շղթաները, KFOR-ի ուժերը սերբերին բաց են թողել, իսկ Կոսովոյի ոստիկանությունը նրանց դեմ արցունքաբեր գազ է կիրառել։

Բացի դրանից, ՆԱՏՕ-ի ուժերը փակել են Իբար գետի վրայի կամուրջը, որը բաժանում է Կոսովսկա Միտրովիցայի ալբանական և սերբական մասերը։

Ավելի վաղ Սերբիայի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով տարածված հայտարարության մեջ ասվել է, որ ՆԱՏՕ-ի հովանու ներքո գործող Միջազգային անվտանգության ուժերը, հակառակ իրենց պարտավորությունների, «անտեսել են Կոսովոյի անվտանգության ուժերի ագրեսիան Սերբիայի քաղաքապետարաններում և չեն կանխել Պրիշտինայի ինքնահռչակ իշխանությունների փորձերը՝ վերահսկողության տակ առնելու մի շարք քաղաքապետարանների շենքեր»։

Կոսովո և Մետոքիայի հյուսիսում գտնվող սերբական չորս մունիցիպալիտետներում իրադրությունը սրվել է մայիսի 26-ին, կոսովցի ուժայինների կողմից քաղաքային վարչակազմի շենքերը գրավելու փորձերի պատճառով՝ չնայած տեղի բնակիչների դիմադրությանը։ Հաղորդվել է քաղաքներում հնչած շչակների, բջջային կապի խափանումների և Կոսովոյի ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակների և արցունքաբեր գազի կիրառման մասին: Տեղական լրատվամիջոցները հաղորդել են նաև Զվեչանի մունիցիպալիտետում ոստիկանական մեքենայի հրկիզման և դեպքի վայր զրահատեխնիկայի շարասյան ժամանման մասին։ Ի պատասխան մասամբ ճանաչված Կոսովոյի իշխանությունների գործողությունների՝ Բելգրադը բարձր պատրաստության վիճակի է բերել Սերբիայի զինված ուժերը և բանակային ստորաբաժանումներ է ուղարկել երկրամասի հետ վարչական սահման։

Պրիշտինան պնդում է, որ մունիցիպալիտետների ղեկավարների պաշտոններն ստանձնեն այն թեկնածուները, որոնք ընտրվել են Կոսովո և Մետոքիայի հյուսիսում սերբական մեծամասնության կողմից բոյկոտի ենթարկված քվեարկության արդյունքներով։ Զվեչանի, Զուբին Պոտոկի, Լեպոսավիչի և Սևերնա Միտրովիցայի մունիցիպալիտետներում ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի են ունեցել ապրիլի 23-ին։ Տարածաշրջանում սերբերի շահերը ներկայացնող «Սերբական ցուցակի» ներկայացուցիչները բոյկոտել են ընտրությունները՝ Պրիշտինայի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու պատճառով։ Արդյունքում սերբ բնակչության բոյկոտի պատճառով ընտրություններին մասնակցությունը կազմել է 3,47 %։ 45 095 ընտրողներից ընտրելու իրավունքից օգտվել են 1 566 ալբանացիներ և 13 սերբեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս