ԵԽ-ում հայտարարել են, որ անհրաժեշտ է դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը
Եվրախորհրդարանի առաջատար խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) առաջնորդ Մանֆրեդ Վեբերը կարծում է, որ ո՛չ ԵՄ-ն, ո՛չ Թուրքիան այլևս չեն ցանկանում երկրի անդամակցությունը Եվրամիությանը։
«Վերջին տարիները ցույց տվեցին, որ (խմբ.՝ ԵՄ-ի և Թուրքիայի միջև) սերտ գործընկերությունը կարևոր է, բայց Թուրքիայի լիիրավ անդամակցությունը ԵՄ-ին այլևս ոչ ոք չի ցանկանում ՝ ո՛չ Թուրքիան, ո՛չ ԵՄ-ն», – հայտարարել է Վեբերը Funke մեդիախմբին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակը։
«Մենք պետք է դադարեցնենք այդ գործընթացը, որովհետև այն ավելի շատ արգելափակում է, քան նպաստում հարաբերությունների բարելավմանը», – կարծում է քաղաքական գործիչը։
ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները մեկնարկել են 2005 թվականին, բայց այժմ արդեն մի քանի տարի գործնականում սառեցված են:
Վեբերի խոսքով՝ ԵՄ-ն բաց է հետագա համագործակցության համար իր անմիջական հարևանների հետ։
«Բայց ակնկալիքները պարզ են. Էրդողանը պետք է միավորի և արդիականացնի երկիրը: Մենք փոխգործակցության կարիք ունենք Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության հասնելու, միգրացիոն քաղաքականության, տնտեսական արդիականացման և Կիպրոսի հարցում»,- ընդգծել է ԵԺԿ խմբակցության առաջնորդը՝ հավելելով, որ այժմ Էրդողանը պետք է անհապաղ հավանություն տա Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։
Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը նախնական արդյունքներով ճանաչել է Էրդողանի հաղթանակը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: