ՀՀ-ն պատրաստ է ապահովել Ադրբեջանից ՀՀ տարածքով բոլոր մեքենաների բնականոն անցումը.Փաշինյանը՝ Պուտինին

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն ապօրինի շրջափակելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։

Փաշինյանն անդրադարձել է նաև տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների ապաարգելափակման թեմային՝ նշելով, որ Հայաստանը պատրաստ է դրան՝ երկրի սուվերենության և իրավազորության հիմքի վրա։

«Տարածաշրջանային իմաստով բավականին լարված իրավիճակ է Լեռնային Ղարաբաղում, Լաչինի միջանցքում։ Մենք այդ մասին բազմիցս խոսել ենք։ Ցավոք, ի հակադրություն 2020 թվականի եռակողմ հայտարարությանը՝ Ադրեջանն ապօրինի արգելափակել է Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղը հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ։ Դուք գիտեք, որ բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները Լեռնային Ղարաբաղ նույնպես դադարեցված են․ արգելափակված են Ադրբեջանի կողմից, ինչն ավելի է խորացնում հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Բարդացել են մթերքների մատակարարումները Լեռնային Ղարաբաղ։ Իհարկե, այդ հարցում օգնում են ՌԴ խաղաղապահները, բայց ցավոք, Լաչինի միջանցքի արգելափակումը տեղի է ունեցել ՌԴ խաղաղապահների ներկայությամբ»,- ասել է Փաշինյանը՝ խոսելով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակի մասին։

Անդրադառնալով տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների ապաարգելափակմանը՝ վարչապետն ասել է, որ Հայաստանը իսկապես շահագրգրված է դրանով։ «Մենք պատրաստ ենք բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակմանը մեր երկրի սուվերենության և իրավազորության հիմքի վրա։ Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ հաստատել այս դիրքորոշումը։ Ուզում եմ հաստատել, որ մենք պատրաստ ենք․ և սահմանապահ ծառայությունները, և մաքսային ծառայությունները պատրաստ են ապահովել ցանկացած տրանսպորտային միջոցի, այդ թվում՝ երկաթուղային տրանսպորտի նորմալ անցումը Հայաստանի տարածքով»,- ասել է նա։

Հայաստանն ակնկալում է, որ ադրբեջանական երկաթուղին էլ կբացվի հայկական բեռների համար դեպի Ռուսաստան, դեպի Իրան։ «Մենք այս հարցի լուծումն ակնկալում ենք պարիտետային սկզբունքով, ինչպես ես արդեն ասացի՝ երկրների սուվերենության և իրավազորության հիմքի վրա»,- ասել է Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս