Ծնողները դադարեցրեցին նստացույցը, բայց ոչ պայքարը

Զոհված զինծառայողների ծնողները դադարեցնում են նստացույցը Կառավարության շենքի առջև։ Այս մասին հայտնում է «Որդիների Կանչ» ՀԿ-ն, որի անդամները զոհվածների ծնողներն են։

«Հիմք ընդունելով մեր իրավապաշտպանների որոշումը՝ առ այն, որ հերոսածին Գայանեի պաշտպանության իրավական գործիքակազմը սպառված է, «Որդիների Կանչ» ՀԿ-ն ևս որոշում է կայացրել կասեցնել պայքարի այս ձևը և դադարեցնել մեր նստացույցը։

Շնորհակալ ենք մեր կողմից շատ հարգելի և վստահված փաստաբաններ Վահան Հովհաննիսյանին և Ռուբեն Մելիքյանին։

Տիկին Գայանեի պաշտպանությունը շարունակող մյուս փաստաբաններին ի սրտե մաղթում ենք հաջողություն։ Հայրենակիցնե’ր, Ձեզ ևս անչափ շնորհակալ ենք ամեն-ամեն ինչի համար։ Մեր պայքարը սրանով չի ավարտվում։ Պայքարի ձևն է փոխվում։ Հետագա մեր անելիքների մասին կտեղեկացնենք շուտով»,- նշվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները 4 օր նստացույց իրականացրին Կառավարության շենքի առջև՝ իրենց աջակցությունը հայտնելով Գայանե Հակոբյանին, որին մեղադրում են Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, առևանգելու փորձի մեջ։ Դատարանը մայիսի 20-ին որոշել է 1 ամսով կալանավորել զոհված զինծառայողի մորը։

Գայանե Հակոբյանի փաստաբաններ Ռուբեն Մելիքյանը, Վահան Հովհաննիսյանը, Վահան Գևորգյանը այսօր հայտնեցին, որ Գայանե Հակոբյանի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է և որոշել են դադարեցնել իրենց մասնակցությունը քրեական վարույթի հետագա ընթացքին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031