Բաժիններ՝

Իրանի ԱԳՆ-ն քննադատել է G7-ի ղեկավարների հայտարարությունում երկրի հասցեին շարադրված մեղադրանքները

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին քննադատել է G7-ի ղեկավարների ամփոփիչ հայտարարությունը, որը, նրա խոսքով, անհիմն մեղադրանքներ է բովանդակում Իսլամական Հանրապետության հասցեին: Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

«Մենք բազմիցս ընդգծել ենք, որ Իրանի միջուկային ծրագիրը հետապնդում է բացառապես խաղաղ նպատակներ, իսկ միջուկային զենքը տեղ չունի մեր ռազմական դոկտրինում: Իրանը միշտ հավատարիմ է մնացել իր միջազգային պարտավորություններին և լի է վճռականությամբ՝ շարունակելու կառուցողական համագործակցությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ», – մեջբերել է նրա խոսքը Իրանի ԱԳՆ-ն իր Telegram ալիքում։

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև նշել է, որ, ի հեճուկս Արևմուտքի պնդումների, Իրանը «երբեք Ռուսաստանին չի տրամադրել անօդաչու թռչող սարքեր» և շարունակում է հանդես գալ ուկրաինական ճգնաժամի խաղաղ լուծման օգտին։ Բացի դրանից, նա հիշեցրել է, որ իրանական կողմը միշտ ջանքեր է գործադրել Մերձավոր Արևելքում նավագնացության անվտանգության ապահովման համար։

Քանաանիի խոսքով՝ G7-ի պնդումները կրում են «միակողմանի և անպատասխանատու» բնույթ, իսկ «յոթնյակն» ինքը փորձում է «մյուսներին պարտադրել իր անազնիվ և անարդար մոտեցումները»։

G7-ի երկրների ղեկավարները մայիսի 20-ին Հիրոսիմայի գագաթնաժողովի ավարտից մեկ օր առաջ հրապարակված համատեղ հայտարարության մեջ ընդգծել են Իրանի կողմից միջուկային զենքի մշակում թույլ չտալու ձգտումը և անհանգստություն են հայտնել Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ, որը, նրանց կարծիքով, «համոզիչ քաղաքացիական հիմնավորում չունի»։ Բացի դրանից, G7-ի ղեկավարներն Իրանին կոչ են արել հրաժարվել Ռուսաստանին աջակցելուց ուկրաինական ճգնաժամի համատեքստում և դադարեցնել Մերձավոր Արևելքում նավագնացության համար սպառնալիքների ստեղծումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս