ԵՄ-ն կընդունի Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ. Բորել
Եվրամիության արտաքին գործերի նախարարներն այսօր որոշում կընդունեն Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի վերաբերյալ: Ինչպես տեղեկանում ենք իտալական Nova լրատվական գործակալությունից, այս մասին հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ժամանելով Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստին:
«Բրյուսելում Արտաքին գործերի խորհուրդը կհաստատի Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ՝ կապված մարդու իրավունքների խախտումների հետ: Օրերս այնտեղ ևս երեք մարդ է մահապատժի ենթարկվել: Մենք կընդունենք պատժամիջոցների այս նոր փաթեթը», – նշել է Բորելը:
Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին է հայտնել նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը՝ ժամանելով Եվրամիության իր պաշտոնակիցների հետ հանդիպմանը։
«Այսօր այստեղ օրակարգում է պատժամիջոցների ութերորդ փաթեթը, որի վերաբերյալ մենք որոշում կկայացնենք՝ հաշվի առնելով մարդու իրավունքների խախտումները, որոնք այնտեղ տեղի են ունենում: Նախ պատժամիջոցների ցուցակում կներառվեն նոր անձինք, առաջին հերթին՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից, որոնք պատասխանատվություն են կրում այդ խախտումների համար», – Բերբոքի խոսքերն է մեջբերում ТАСС-ը։
Ավելի վաղ իրանական IRNA գործակալությունը հաղորդել էր, որ մայիսի 19-ին Սպահանում մահապատժի են ենթարկվել երեք դատապարտյալներ, որոնք 2022 թ.-ի նոյեմբերին ահաբեկչական հարձակում էին գործել և սպանել անվտանգության ուժերի երեք աշխատակցի: