Ռայիսին Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նոր քարտուղար է նշանակել
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի պաշտոնում Ալի Շամխանիին փոխարինել է բրիգադային գեներալ Ալի Աքբար Ահմադիանը։
Հաղորդվում է, որ համապատասխան հրամանագիրը հրապարակել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։
62-ամյա Ահմադիանը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմավարական կենտրոնի տնօրենն է և Նպատակահարմարության խորհրդի անդամ։
Նա 1997 թ.-ի օգոստոսից մինչև 2000 թ.-ի հուլիսը ծառայել է որպես ԻՀՊԿ-ի նավատորմի հրամանատար: Նա նաև յոթ տարի եղել է ԻՀՊԿ-ի շտաբի պետը:
Ահմադիանն ավարտել է Թեհրանի համալսարանի ստոմատոլոգիայի ֆակուլտետը: Նա նաև Իրանի ազգային պաշտպանության բարձրագույն համալսարանից ստացել է գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ ռազմավարական կառավարման գծով:
Նրա նախորդը՝ Ալի Շամխանին, այս պաշտոնում աշխատում էր 2013 թ.-ի սեպտեմբերից։