Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական երկխոսություն կսկսեն

Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարն իր առաջին այցը կկատարի Հայաստան՝ երկկողմ հարաբերություններն ավելի ամրապնդելու նպատակով: ՄԹ նախարարը բարձրաստիճան հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետի և ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ:

Ինչպես տեղեկանում ենք Երևանում Բրիտանիայի դեսպանության տարածած հաղորդագրությունից, Եվրոպայի հարցերով նախարարը կվերահաստատի ՄԹ-ի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին:

«Միացյալ Թագավորությունը հանձնառու է աջակցելու Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների օրակարգին: Հպարտ եմ, որ Միացյալ Թագավորությունը ֆինանսավորում է ազատությունների պաշտպանությանն ու բարեկեցության խթանմանը միտված ծրագրեր»,- այցին ընդառաջ՝ ասել է նախարար Դոքերթին:

ՀՀ վարչապետի և ԱԳ նախարարի հետ հանդիպումների ընթացքում նա կքննարկի նաև անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև առևտրային կապերի խթանման հնարավորությունները։

Նա կհայտարարի Ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին, որը տեղի կունենա այս տարվա ընթացքում, ինչպես նաև կընդգծի երկու երկրների տնտեսական հարաբերությունների խթանմանն ուղղված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման պատրաստակամությունը։

Նախարար Դոքերթին հանդիպումներ կունենա նաև Ազգային ժողովի պատգամավորների և էկոնոմիկայի նախարարի հետ։ Նա կզրուցի քաղաքացիական հասարակության և գործարար համայնքի, ներառյալ՝ բրիտանական կապեր ունեցող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Նախարարը կքննարկի ՄԹ-Հայաստան առևտրային կապերի ամրապնդման և երկու երկրների տնտեսական զարգացման հնարավորությունները։

Նա կծանոթանա ՀՀ Ազգային ժողովում հիմնված «Հետազոտական և վերապատրաստման կենտրոնի» և Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացմանն ուղղված ծրագրերին։ Վերջիններս Բրիտանական կառավարության աջակցությամբ Հայաստանում իրականացված ծրագրերի մաս են կազմում։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ մայիսի 22-23-ն այցով Հայաստանի Հանրապետությունում կգտնվի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին:

Տեսանյութեր

Լրահոս