Բաժիններ՝

Հիրոսիմայում G7-ի գագաթնաժողովին ընդառաջ անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել

Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում մայիսի 19-ին մեկնարկող «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարների գագաթնաժողովի նախօրյակին անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել: Քաղաքում նկատվում են բազմաթիվ ոստիկանական պարեկներ, աղբամաններն ու ուղեբեռի պահախցերը կնքված են։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:

Հիրոսիմայում անվտանգության ուժեղացված միջոցառումների կապակցությամբ 140 հանրակրթական հաստատություններ ժամանակավորապես կփակվեն, իսկ նախադպրոցական ուսումնական հաստատություններում այս օրերին կդադարեցվի սննդի առաքումը։ Մինչև երկուշաբթի աշխատանքը դադարեցրել է Ճապոնիայի խոշոր ավտոարտադրողներից մեկը՝ Mazda Motor գործարանը։ Սահմանափակումները կվերաբերեն նաև զբոսաշրջիկներին. Հիրոսիմայի գագաթնաժողովի անցկացման ժամանակ հասանելի չեն լինի շատ հայտնի վայրեր, այդ թվում՝ Միյաձիմա կղզին, Խաղաղության զբոսայգին և այլն։

2023 թ.-ին G7-ի նախագահությունն անցել է Ճապոնիային։ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 19-21-ը։ Ճապոնական ԶԼՄ-ների տվյալներով՝ դրա անցկացման ընթացքում Հիրոսիմայում կարգուկանոնը կապահովի ոստիկանության շուրջ 24 հազար աշխատակից։

Բացի G7-ի երկրներից, Հիրոսիմայի գագաթնաժողովին այցելելու հրավեր են ստացել Հնդկաստանը, Ավստրալիան, Բրազիլիան, Հարավային Կորեան, Վիետնամը և ևս երեք երկրներ՝ ԱՍԵԱՆ-ում նախագահող Ինդոնեզիան, Խաղաղօվկիանոսյան կղզիների համաժողովը նախագահող Կուկի կղզին, Աֆրիկյան միությունում նախագահող Կոմորյան կղզիները: Բացի այս երկրներից, Հիրոսիմայի գագաթնաժողովի հրավերներ են ստացել յոթ կազմակերպությունների` ՄԱԿ-ի, Միջազգային էներգետիկ գործակալության, Արժույթի միջազգային հիմնադրամի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Համաշխարհային բանկի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Առևտրի համաշխարհային կազմակերպության ղեկավարները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս