Բաժիններ՝

Հակառակորդի կողմից արձակած կրակահերթի հետևանքով զոհված զինծառայողի և վիրավորում ստացած բուժակի գործով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները, 2023 թվականի մայիսի 17-ին ժամը 16:15-ի սահմաններում, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, իրենց ծառայողական պարտքը կատարող ՀՀ ԶՈՒ զինծառայողներին կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, հրաձգային զենքերից կրակոցներ են արձակել ՀՀ սահմանագծի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ։ Դրա հետևանքով վիրավորում է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայողը, ով ստացված վնասվածքից հետագայում մահացել է:

Ադրբեջանական զինված ուժերը նաև թիրախային կրակահերթեր են արձակել վիրավոր զինծառայողին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով նույն մարտական դիրք մեկնած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով դաստակի շրջանում վնասվածք է ստացել նույն զորամասի բուժակը: Նրա վիճակը գնահատվում է բավարար:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կատարվում են անհետաձգելի և անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողություններ՝ կատարվածի հանգամանքները պարզելու, Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների հանցավոր գործողություններին լիարժեք իրավական գնահատականներ տալու նպատակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս