Բաժիններ՝

Իտալիայի հյուսիսում հեղեղվել է 20-ից ավելի բնակավայր. կա 8 զոհ

Իտալիայի հյուսիսային Էմիլիա Ռոմանիայի նահանգի 24 բնակավայր հեղեղվել է հորդառատ անձրևների երկրորդ ալիքից հետո: Հեղեղումների պատճառով առնվազն 8 մարդ է մահացել: Կան նաև անհետ կորածներ, որոնց որոնումները շարունակվում են: Այս մասին հաղորդում է La Repubblica պարբերականը:

Տեղի իշխանությունները հայտարարել են, որ նահանգի մի քանի քաղաքներից հազարավոր մարդիկ են տարհանվել: Տարածաշրջանում 50 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության: Շատերը ստիպված են եղել բարձրանալ տների տանիքներ, մինչև փրկարարների ժամանումը: Նահանգում փակ են ուսումնական հաստատությունները, դադարեցված է գնացքների երթևեկությունը։

Հեղեղների պատճառով նաև չեղարկվել է «Ֆորմուլա 1-ի» Էմիլիա Ռոմանիայի Գրան Պրին, քանի որ հնարավոր չէր լինի ապահովել ավտոմրցարշավի 160 հազար հանդիսատեսի անվտանգությունը:

36 ժամում Էմիլիա Ռոմանիայում 200 մմ տեղումներ են գրանցվել, իսկ որոշ բնակավայրերում տեղումների քանակը հասել է 500 մմ-ի. նահանգում մեկ տարվա ընթացքում միջին տեղումների քանակը 1000 մմ է:

Այսօր Քաղաքացիական պաշտպանության վարչությունը Էմիլիա Ռոմանիա նահանգում եղանակային տագնապի առավելագույն՝ կարմիր մակարդակ է հայտարարել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս