Բաժիններ՝

Լոնդոնը և Ամստերդամը պայմանավորվել են F-16-երի գնման կոալիցիա ստեղծելու շուրջ

Մեծ Բրիտանիան և Նիդերլանդները պայմանավորվել են ստեղծել կոալիցիա՝ Ուկրաինայի համար F-16 կործանիչներ գնելու համար։ Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի և Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի՝ մայիսի 16-ին Ռեյկյավիկում՝ Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ։ Այս մասին նշվում է Ռիշի Սունակի գրասենյակի տարածած հայտարարությունում:

Ըստ հայտարարության՝ կողմերը միասին կաշխատեն, որպեսզի ստեղծեն միջազգային կոալիցիա և Ուկրաինային ապահովեն մարտական ​​ավիացիայով։ Օգնությունը կարտահայտվի ինչպես օդաչուների ուսուցմամբ, այնպես էլ F-16 ինքնաթիռների գնմամբ։

Կոալիցիա ստեղծելու որոշումը ողջունել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

«Մեզ հարկավոր են կործանիչներ, և մենք շնորհակալություն ենք հայտնում դաշնակիցներին այս ուղղությամբ աշխատելու որոշման համար», – հայտարարել է նա։

Երմակի խոսքով՝ ուկրաինացի օդաչուներին վերապատրաստելու պատրաստակամությունը նաև հաստատել է Բելգիան։

Օրերս Վլադիմիր Զելենսկին այցելել է Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա։ Ինչպես հայտարարել է Ուկրաինայի նախագահը, իր այցերը եվրոպական մայրաքաղաքներ կապված են, մասնավորապես, «կործանիչների կոալիցիա» ստեղծելու մտադրության հետ։ Մայիսի 16-ի երեկոյան տեսաուղերձում նա հիշեցրել է, որ նախօրյակին կոալիցիայի ստեղծմանն աջակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Մայիսի 16-ին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի անդամ 46 երկրների ղեկավարների չորրորդ գագաթնաժողովը։ Հանդիպման հիմնական նպատակն է քննարկել իրավիճակը, որը մայրցամաքում ստեղծվել է Ուկրաինայում ընթացող պատերազմի հետևանքով։ Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը, միջոցառման արդյունքներից մեկը դարձել է պատերազմի ընթացքում Ուկրաինայի կորուստների միջազգային գրանցամատյանի ստեղծումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս