Աննա Վարդապետյանը ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցչի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հնարավորությունները
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մայիսի 16-ին ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի գործադիր քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ջեյմս Էփլգեյթի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկանում ենք Դատախազության տարածած հաղորդագրությունից, Աննա Վարդապետյանը դրական է գնահատել ԱՄՆ գործընկերների հետ փոխգործակցության առկա մակարդակը, Դատախազության կարիքների շուրջ շարունակական երկխոսությունը և անդրադարձ է կատարել գործընկերության ընդլայնման հեռանկարներին: Այս համատեքստում ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է ամերիկացի գործընկերների աջակցությունը Հայաստանի դատախազների մասնագիտական կարողությունների զարգացման գործընթացում և կարևորել է դատախազների շարունակական վերապատրաստման ծրագրերի իրականացումը՝ փողերի լվացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբեռ և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի կատարելագործման ուղղություններով:
Գլխավոր դատախազն ընդգծել է նաև Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հանձնման մասին երկկողմ պայմանագիր կնքելու շուրջ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ այն թույլ կտա առավել արդյունավետ համագործակցել հետախուզվող անձանց հանձնման գործընթացում. Դրա արդյունքում ՀՀ-ում հանցանք կատարած և ԱՄՆ տեղափոխված անձինք չեն խուսափի արդարադատությունից:
Աննա Վարդապետյանն անդրադարձել է նաև դատախազների գործունեության և արդյունավետության գնահատման համակարգի ներդրման ուղղությամբ ընթացող աշխատանքներին և ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է այդ կապակցությամբ տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավորությունները:
ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի գործադիր քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ջեյմս Էփլգեյթը շնորհակալություն է հայտնել
Աննա Վարդապետյանին հանդիպման և Դատախազության առաջնահերթությունները ներկայացնելու համար: Ջեյմս Էփլգեյթը բարձր է գնահատել ՀՀ գլխավոր դատախազության հետ շփման մակարդակը և Աննա Վարդապետյանի հետ քննարկել է մի շարք ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները: