Բաժիններ՝

Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը գումարի դիմաց պատրաստվում էր դատապարտյալին փոխանցել արգելված իրեր

: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնում նախապես ստացված տեղեկությունները, 2023 թվականի մայիսի 9-ին ժամը 09:00-ի սահմաններում խուզարկության են ենթարկել հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայող, արդարադատության ավագ ենթասպա Կ.Կ.-ին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քրեակատարողական հիմնարկի տարածած հաղորդագրությունից, խուզարկության ընթացքում ենթասպան իր սպորտային պայուսակից ինքնակամ հանել և հանձնել է պոլիէթիլենային փաթեթ, որում առկա են եղել 2 բջջային հեռախոս, 2 USB լար և լիցքավորման սարք: Այլ արգելված իրեր Կ.Կ.-ի մոտից չեն հայտնաբերվել:

Կ.Կ.-ն բանավոր հայտարարել է, որ նշված արգելված իրերը նախապես վերցված գումարի դիմաց պատրաստվում էր փոխանցել դատապարտյալ Մ.Ա.-ին:

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցների կողմից Կ.Կ.-ն ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ և նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ծանուցում․ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս