Բաժիններ՝

«Անմահ գունդ»-ը երթով հարգանքի տուրք մատուցեց Հայրենական մեծ պատերազմի հերոսներին

Հայրենական մեծ պատերազմի հերոսների սխրանքները վերհիշելու, վերարժևորելու, վետերաններին ևս մեկ անգամ հարգանքի տուրք մատուցելու նպատակով «Անմահ գունդ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին, վետերանների մասնակցությամբ բազմամարդ երթ անցկացվեց դեպի Հաղթանակի զբոսայգու անմար կրակը:

Երթը մեկնարկեց Երևանի Արաբկիր համայնքի Սուրբ խաչ եկեղեցուց:

Երթի առջևում «Պոբեդա» ավտոմեքենաներն էին, որոնցում նստած էին վետերանները, նրանց հետևում էին «Վիլիս»-ները, որոնցում Հայրենական պատերազմի զինվորական համազգեստով արտիստներն էին:

Երթի մասնակիցները ծածանում էին Հայաստանի դրոշը, իրենց հետ տանում էին Հայրենական մեծ պատերազմում զոհված հարազատների լուսանկարները:

Ավելի վաղ «Անմահ գունդ արտերկրում» Հ/Կ հիմնադիր, գործադիր տնօրեն Էդմոն Հովհաննիսյանն ընդգծել էր, որ իրենց նպատակն է մշտապես վառ պահել հայորդիների հաղթանակները, նրանց սխրագործությունները: «Այդ հայորդիները մեր պապերն ու ծնողներն են: Նրանք այսօր էլ շարունակում են մեզ սովորեցել, թե ինչ է հայրենասիրությունը, ծնողասիրությունը, սովորեցնում են, թե ինչպես է պետք պաշտպանել հայրենիքը, երբ ապրում ես որպես մեկ ազգ, մեկ ընտանիք: Կազմակերպելով մայիսի 9-ի հաղթական քայլերթը՝ կապում ենք անցյալն ու ներկան ու քաղաքական նպատակներ չենք հետապնդում: Մեր միակ նպատակն է հանրահռչակել ավելի քան 600 հազար հայորդիների մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում, նրանց հերոսությունները»,-շեշտել էր Հովհաննիսյանն ու հիշեցրել, որ 600 հազար հայից պատերազմից չեն վերադարձել ավելի քան 250 հազարը:

Էդմոն Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր Հայաստանում 67 վետերան է ապրում, սակայն նրանցից ութն է ակտիվ մասնակցում միջոցառումներին: Ամենատարեց վետերանը 103 տարեկան է, իսկ օրեր առաջ տոնել են վետերան Խաչիկ Հովակիմյանի հարյուրամյակը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հովակիմյանը պատմել էր, որ դուդուկահար է եղել: Երևանում է ապրել, երբ սկսվել է պատերազմը: Մեկնել է Վրաստան: «Այնտեղի քաղաքներով հասանք Կերչ, որտեղ արդեն պատերազմի դաշտն էր: Ծառայել եմ հայկական դիվիզիայում: Շատ երիտասարդ էի ու չէի հասկանում, թե մեզ ուր են տանում: Հիշում եմ, որ շատ էի ցանկանում կենդանի մնալ ու ստացվեց: Հայերը շատ լավ են կռվել, ինչի մասին է վկայում մեր հերոսների քանակը»,-նշել էր նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս