ԱՄՆ-ն կառուցողական է համարում հայ-ադրբեջանական բանակցությունները Վաշինգտոնում
Միացյալ Նահանգները կառուցողական է որակում նախորդ շաբաթ մայրաքաղաք Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ բանակցությունները։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։
«Մեր կարծիքով, նախորդ շաբաթվա քննարկումները կառուցողական էին, և մենք հավատացած ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները նշանակալի առաջընթաց են գրանցել դժվար խնդիրների հաղթահարման հարցում։ Երկու երկրները, ինչպես գիտեք, սկզբունքային համաձայնության են եկել որոշակի պայմանների շուրջ և ավելի լավ փոխըմբռնման` մեկը մյուսի տեսակետների վերաբերյալ։ Մենք հավատացած ենք, որ հավելյալ բարի կամքի և ճկունության, ինչպես նաև փոխզիջման պարագայում հնարավոր կլինի հասնել համաձայնության»,- ասել է Պատելը։ Նա վերահաստատել է ԱՄՆ լիակատար աջակցությունն ու ներգրավվածությունը՝ հանուն Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության, ինչպես նաև կայուն ու տևական խաղաղության։
ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը համոզմունք է հայտնել, որ «ուղիղ երկխոսությունն առանցքային է խնդիրների լուծման և տևական խաղաղության հասնելու հարցում»։