Չինաստանը սպառնացել է, որ իր դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կունենան հետևանքներ
Եվրամիությունը կխախտի Եվրոպայի և Չինաստանի վստահությունն ու համագործակցությունը, եթե պատժամիջոցներ սահմանի չինական ընկերությունների նկատմամբ՝ իբր Ռուսաստանին օգնելու համար: Այսօր կայացած ճեպազրույցում նման հայտարարություն է արել Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:
Ավելի վաղ Financial Times թերթը հաղորդել էր, որ Եվրամիությունն առաջին անգամ պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել չինական ընկերությունների դեմ, որոնք, իբր, աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանին Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում։ Ըստ թերթի տրամադրության տակ հայտնված ԵՄ-ի պատժամիջոցների նոր փաթեթի նախագծի՝ պատժամիջոցներ կարող են սահմանվել չինական այն յոթ ընկերությունների դեմ, որոնք մեղադրվում են Ռուսաստանի Դաշնություն սարքավորումներ մատակարարելու մեջ։ Դրանցից, մասնավորապես, նշվում են 3HC Semiconductors-ը, King-Pai Technology-ն, ինչպես նաև հոնկոնգյան Sinno Electronics-ը, Sigma Technology-ն։
«Եթե տվյալ հաղորդագրությունները համապատասխանում են իրականությանը, ապա եվրոպական կողմը կարող է լրջորեն խախտել վստահությունն ու համագործակցությունը Չինաստանի հետ, սրել պառակտումն ու առճակատումն աշխարհում», – ասել է դիվանագետը։
Վենբինն ընդգծել է, որ Չինաստանը եվրոպական կողմին հորդորում է «չգնալ սխալ ճանապարհով, հակառակ դեպքում Չինաստանն անպայման կպաշտպանի իր օրինական իրավունքներն ու շահերը»։