Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայի թագաժառանգն Էր Ռիադում բանակցություններ է վարել Ջեյք Սալիվանի հետ

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը բանակցություններ է վարել ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Ջեյք Սալիվանի հետ, որը մայիսի 7-ին այցելել է Էր Ռիադ։ Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

Ինչպես մայիսի 8-ին հաղորդել է Սաուդյան Արաբիայի մամուլի գործակալությունը, թագաժառանգը և Սպիտակ տան ներկայացուցիչը «քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունները և դրանց ամրապնդման միջոցները»: Կողմերը նաև քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի որոշ առանցքային հարցեր։ Բացի Սալիվանից, թագաժառանգի հետ հանդիպմանը ներկա են եղել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպան Մայքլ Ռաթնին, Ազգային անվտանգության խորհրդի Մերձավոր Արևելքի հարցերով համակարգող Բրեթ Մաքգերքը և Պետքարտուղարության էներգետիկ անվտանգության հարցերով ավագ խորհրդական Ամոս Հոխշտայնը։

Axios հարթակը, հղում անելով աղբյուրների, հայտնել է, որ Էր Ռիադում Սալիվանը մտադիր է Հնդկաստանի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտոնակիցների հետ քննարկել համատեղ խոշոր ենթակառուցվածքային նախագիծը, որն այդ երկրները կկապի երկաթուղային և ծովային ուղիների ցանցով: Ինչպես նշում է պարբերականը, դա Սպիտակ տան մերձավորարևելյան առանցքային նախաձեռնություններից մեկն է։ Համատեղ ծրագրերն ի հայտ են եկել I2U2 խմբի շրջանակներում, որի մեջ են մտնում Իսրայելը, Հնդկաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և ԱՄՆ-ն:

Bloomberg գործակալությունը մայիսի 4-ին հայտնել էր, որ Սալիվանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մտադիր են առանձին այցեր կատարել Սաուդյան Արաբիա։ Գործակալության տվյալներով՝ Բլինքենի այցը Սաուդյան Արաբիա նախատեսվում է հունիսին։ Գործակալության աղբյուրները պնդում են, որ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցերի հիմնական թեմաները կլինեն մատակարարման շղթաները, տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը և նավթի արդյունահանումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս