67 միլիոն դրամ է ծախսվել ՊՊԾ շենքը նորոգելու համար
Պետական պահպանության ծառայության նորանշանակ պետ Սարգիս Հովհաննիսյանը կառույցի ղեկավար դառնալուց անմիջապես հետո ձեռնամուխ է եղել ՊՊԾ-ի շենքային պայմանների բարելավման և այդ պաշտոնին իր նշանակվելուց առաջ շենքում կատարված նորոգման աշխատանքներում որակական թերություններ արձանագրելու գործին։
Պարզել է, որ ՊՊԾ շենքում կատարվել են վերանորոգման աշխատանքներ, որոնց ընթացքում, ըստ Հովհաննիսյանի ներկայացրած նախագծի, ի հայտ են եկել նախագծանախահաշվարկային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներից շեղումներ (աշխատանքների ավելացումներ, պակասեցումներ, փոխարինումներ)։
Թերությունները բացահայտելուց հետո անհրաժեշտություն է առաջացել ՊՊԾ շենքի նորոգման համար հատկացված 35 միլիոն դրամից զատ՝ վճարել նաև 32 միլիոն դրամ, ինչն էլ կատարվել է։
Նշենք, որ 32 միլիոն դրամը վճարվել է ՊՊԾ-ում կատարված տնտեսումների հաշվին. Ֆինանսների նախարարությունն առաջարկել է տնտեսված գումարը վերադարձնել պետական բյուջե՝ Կառավարության սահմանած առաջնահերթությունների վրա ծախսելու համար, սակայն ՊՊԾ-ում որոշել են գումարը պետբյուջե չուղարկել և ծախսել ՊՊԾ-ի համար առաջնահերթություն համարվող շինաշխատանքների վրա։