Բաժիններ՝

Վերոնիկա Ջիոևան տեսաուղերձով դիմել է երկրպագուներին

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի նախաձեռնությամբ մայիսի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա օպերային դիվա Վերոնիկա Ջիոևայի մենահամերգը: Երգչուհին հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան):

Կհնչեն արիաներ Ջուզեպպե Վերդիի «Աիդա», «Ճակատագրի ուժը» «Տրավիատա», Պյոտր Չայկովսկու «Տատյանայի նամակի տեսարանը», «Եվգենի Օնեգին», Սերգեյ Ռախմանինովի «Ալեկո», Պիետրո Մասկանիի «Ընկեր Ֆրիցը» օպերաներից:

«Սիրելի՛ հայ երկրպագուներ, հայ ընկերներ, ինչպես գիտեք մայիսի 16-ին Երևանում իմ մենահամերգն է կայանալու, և ես անհամբերությամբ եմ սպասում մեր հանդիպմանը: Շատ եմ սիրում Հայաստանն ու հայերին, հիանում եմ Կոմիտասի երաժշտությամբ, հայ ժողովրդի տաղադով: Հայաստանն իմ սրտում յուրահատուկ տեղ է զբաղեցնում: Հույս ունեմ, որ կհանդիպենք մայիսի 16-ին, և ես ձեզ կներկայանամ նոր ծրագրով»,-տեսաուղերձով երկրպագուներին է դիմում երգչուհին և հայերեն ասում. «Ես սիրում եմ Հայաստանը, ես սիրում եմ ձեզ»:

Քննադատներն անվանում են «օպերային դիվա», «Աստվածատուր ձայնով օժտված երգչուհի», որն իր ներդաշնակ և խարիզմատիկ երգեցողությամբ պարզապես կախարդում է հանդիսատեսին։ Անզուգական ձայնի և արտիստիկության շնորհիվ 2022 թվականին Ցյուրիխում բեմադրված Վերդիի «Մակբեթ» օպերայում Լեդի Մակբեթի դերում նրա դեբյուտը երաժշտական քննադատները պարզապես «սենսացիա» են անվանել: Լինելով Ռուսաստանի Մեծ թատրոնի, Մարիինյան և Միխայլովսկու թատրոնների հրավիրյալ մեներգչուհի, նա ելույթներ է ունենում Վերոնայի ֆիլհարմոնիկ, Մադրիդի թագավորական, Ժնևի Մեծ և Բրյուսելի «La Monnaie» թատրոնների, Համբուրգի պետական, Ցյուրիխի, Ֆինլանդիայի ազգային և այլ օպերաների հետ: Վերոնիկա Ջիոևան համագործակցում է նաև այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Մարիս Յանսոնսը, Վալերի Գերգիևը, Թրևոր Պիննոքը, Ինգո Մեցմախերը, Հարթմուտ Հենչենը, Ռոդիոն Շչեդրինը, Սիմոնե Յանգը, Պիտեր Սելլարս, Պակո Ազորին և ուրիշներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս