Վահագ Ռաշը երկրպագուների դատին է հանձնել «Իմ թափառական» երգն ու հոլովակը
Վահագ Ռաշը երաժշտասերներին է ներկայացրել «Իմ թափառական» երգն ու տեսահոլովակը։
Երգի հեղինակը Ռուբեն Հախվերդյանն է։
«Համավարակի ժամանակ, երբ առցանց հարթակներում կենդանի համերգներ էի կազմակերպում, իմ հետևորդներից մեկն առաջարկեց կատարել Հախվերդյանի հենց այս երգը: Այն ինձ անծանոթ թվաց, քանի որ հենց հեղինակը երբեք չէր կատարել։ Երբ լսեցի Նարինե Հարությունյանի կատարումը, միանգամից տեղափոխվեցի մանկության տարիներ` տատիկ պապիկիս տուն»,-պատմում է երգիչը:
Նրա խոսքով՝ երգը քաղցր հուշ է այդ տարիներից ու շատ հարազատ:
«Երգը կատարելու թույլտվության համար որոշեցի խոսել Ռուբեն Հախվերդյանի հետ: Ստանալով նրա համաձայնությունը՝ սկսեցինք գործիքավորման պրոցեսը, որը կատարեց իմ լավ ընկեր Վահան Նահապետյանը։ Երգը վերջնական տեսքի բերեց հնչյունային ռեժիսոր Սերգեյ Գասպարյանը։ Ռեժիսոր Մարիամ Գևորգյանի հետ քննարկեցինք և որոշեցինք, որ այն պետք է ունենա հոլովակ` սիրային ու աշնանային մոտիվներով»,-նշում է Ռաշն ու հավելում՝ երբ Մարիամը ներկայացրել է սյուժեն, երգիչը գլխավոր հերոսուհու դերում պատկերացրել է դերասանուհի Անի Խաչիկյանին:
Տղայի կերպարին ռեժիսորն է ընտրել: Հերոսին մարմնավորում է Սեբու Թորիկյանը:
Հոլովակն արդեն համացանցում է: