Հայաստանն ու Իրանը քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարները
Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ԻԻՀ-ի և ՀՀ-ի համագործակցությունը խթանելու, գործակցություններ ձեռք բերելու նպատակով կայացավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի և Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի հանդիպումը։ Իրանի նախարարը Հայաստանում է Նարեկ Մկրտչյանի հրավերով:
Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին փորձի փոխանակման, պրոֆ-տեխնիկական ոլորտում մասնագետներ պատրաստելու, ինչպես նաև վերականգնողական ոլորտում հաշմանդամություն ունեցող անձանց աջակցելու ուղղություններով:
«Մենք ԻԻՀ-ի հետ ունենք սերտ հարաբերություններ և վերջին շրջանում բավակականին ակտիվացրել ենք ոլորտային համագործակցությունը սոցիալական պաշտպանության, աշխատանքի և զբաղվածության ոլորտի, աշխատանքային միգրացիայի միջպետական համաձայնագրի շուրջ քննարկումների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց մատուցվող ծառայությունների, միասնական սոցիալական ծառայության և իրենց սոցիալական ծառայությունների միջև համագործակցություն հաստատելու առումով»,- ասաց նախարար Մկրտչյանը:
Նախարարի խոսքով՝ երկու երկրների միջև տնտեսական գործակցության բավականին մեծ ներուժ կա: Նա կարևորեց վերապատրաստումները, փորձի ուսումնասիրումն ու փոխանակումը:
«Պայմանավորվածություններ ենք ձեռք բերել մասնագիտական վերապատրաստումների, աշխատաշուկայում մասնագետներին ավելի մրցունակ դարձնելու փորձը Հայաստանի հետ կիսվելու ուղղություններով: Իրանն աշխարհի այն եզակի երկրներից է, որ կարճ ժամանակահատվածում շատ սահմանափակ թվով կենտրոնների միջոցով տարեկան ավելի քան 1 միլիոն քաղաքացու պատրաստ է դարձնել մրցունակ և ուղարկել աշխատաշուկա»,- ասաց նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավին:
ԻԻՀ-ի կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարն ընդգծեց, որ հանդիպումը շատ արդյունավետ էր:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ երկու երկրների սոցիալական ծառայությունների ղեկավարները, ինչպես նաև պրոֆ-տեխնիկական հաստատությունների ղեկավարները հանդիպեն և քննարկումներ ունենան:
Նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավին առաջիկայում կայցելի նաև ԿԳՄՍ և Էկոնոմիկայի նախարարություններ: