ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ուկրաինայի հարցով նստաշրջանի ընթացքում հակառուսական բանաձև է ընդունել
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան փետրվարի 23-ին Ուկրաինայի հարցով հատուկ նստաշրջանի ընթացքում ընդունել Է հակառուսական բանաձև՝ նվիրված Ուկրաինայում ռազմական գործողությունների 1 տարվան:
Այդ մասին հաղորդել է նիստին ներկա ТАСС-ի թղթակիցը։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 141 երկիր, դեմ՝ 7-ը (Ռուսաստան, Բելառուս, Հյուսիսային Կորեա, Մալի, Նիկարագուա, Սիրիա և Էրիթրեա)։
Ձեռնպահ է մնացել 32 պատվիրակություն, այդ թվում՝ Չինաստանը։ Ընդ որում, քվեարկության ընթացքում հավանության չեն արժանացել Բելառուսի առաջարկած փոփոխությունները, որոնք նախատեսում էին փաստաթղթից հանել այն դրույթները, որոնցում հակամարտությունն սկսելու պատասխանատվությունը դրվում է Ռուսաստանի վրա: Փոփոխություններով առաջարկվում էր նաև հանել այն կետը, որով Ռուսաստանի Դաշնությանը կոչ է արվում անհապաղ դուրս բերել զորքերն Ուկրաինայից, ինչպես նաև «դատապարտել Մինսկի ձևաչափի երկրների այն ղեկավարներին, որոնք իրականում չեն ձգտել կարգավորման հասնել Ուկրաինայում»։
Բացի դրանից, բելառուսական կողմը հանդես է եկել այն բանի օգտին, որ բանաձևում ներառվի բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորման կոչը։ Բանաձևի սկզբնական տեքստը բովանդակում է միայն կոչ երկրներին և միջազգային կազմակերպություններին՝ «կրկնապատկել Ուկրաինայում արդար, համապարփակ և կայուն խաղաղության հասնելու դիվանագիտական ջանքերը՝ ՄԱԿ-ի Կանոնադրությանը համապատասխան»: Մինսկն առաջարկել է նաև բանաձևում ներառել Կիևին զենքի մատակարարումների արգելքը։ Ուկրաինան, արևմտյան երկրների աջակցությամբ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային առաջարկել Է բանաձևի նախագիծ՝ ուղղված խաղաղության հասնելուն։ ТАСС-ը նշում է, որ բանաձևը չի ներառում հաշտության բանակցությունների կամ զինադադարի կնքման կոչեր:
Հակամարտությունն սկսելու պատասխանատվությունը դրվում է բացառապես Ռուսաստանի վրա։ Տեքստում կողմերին կոչ է արվում կատարել իրենց պարտավորությունները քաղաքացիական անձանց և ռազմագերիների նկատմամբ, ինչպես նաև ընդգծվում է «միջազգային իրավունքի համաձայն պատշաճ, արդար և անկախ հետաքննության միջոցով Ուկրաինայի տարածքում կատարված առավել լուրջ հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու և ազգային կամ միջազգային մակարդակով դատական հետապնդում իրականացնելու անհրաժեշտությունը»։
Ինչպես հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, բանաձևը չի նպաստի ,Ռուսաստանի և Արևմուտքի միջև մեկ տարի առաջ սրված հակասությունների խաղաղ լուծմանըե: Ըստ նրա՝ փաստաթուղթը ,միակողմանի է և իրականությունից կտրվածե: