Շրջադարային իրադարձություններ Արցախում․ ինչ է սպասվում այսօր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Արցախում այսօր շրջադարձային իրադարձություններ են սպասվում. բոլորը շունչները պահած սպասում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա ուղերձին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱՀ նախագահն իր ուղերձը հրապարակելու է կեսօրից հետո ֆեյսբուքյան իր էջում: Նշենք, որ այսօր Արցախի ԱԺ-ն նիստ է գումարելու, Արայիկ Հարությունյանին առաջարկել են գալ խորհրդարան եւ ԱԺ ամբիոնից ուղերձը հնչեցնել, սակայն վերջինս հրաժարվել է՝ նախընտրելով ուղերձով հանդես գալ ֆեյսբուքյան իր էջում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Հարությունյանն իր ուղերձում պատրաստվում է հայտարարել պետնախարար Ռուբեն Վարդանյանին աշխատանքից ազատելու մասին: Հայտնել էինք նաեւ, որ Արցախի պետնախարարի նոր թեկնածուն գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն է, որն, ի դեպ, հաստատել է արդեն, որ նախագահից նման առաջարկ ստացել է: Տեղեկացանք նաեւ, որ ԱՀ նախագահն իր ուղերձում հայտարարելու է նախագահին կից խորհրդատվական մարմին ստեղծելու մասին, որը, ամենայն հավանականությամբ, ղեկավարելու է Արցախում ընդդիմադիր քաղաքական գործիչ ներկայացող Տիգրան Պետրոսյանը:

Արցախում վստահ են, որ Արայիկ Հարությունյանը փորձելու է ամեն կերպ արդարացնել իր՝ Ռուբեն Վարդանյանին պաշտոնից հեռացնելու որոշումը, ներկայացնելու է, թե դա Արցախում ներքաղաքական կյանքը հանդարտեցնելու համար է անում, մինչդեռ Արցախում ընդդիմադիրները վստահ են, որ նա դա անում է հենց Փաշինյանի պահանջը բավարարելու համար: Արցախի մեր աղբյուրները հայտնեցին, որ Ռուբեն Վարդանյանը պետնախարարի պաշտոնից հետո որեւէ նոր պաշտոնի մտադիր չէ անցնել, բայց շարունակելու է մնալ Արցախում:

Արցախի խորհրդարանական ընդդիմությունն էլ իր հերթին սպասում է Արայիկ Հարությունյանի այսօրվա ուղերձին, որպեսզի, դրանից ելնելով, քայլեր ձեռնարկի»:

Տեսանյութեր

Լրահոս