Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոնների համար մրցույթի դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգվել է
Հայաստանի Արտաքին գործերի նախարարության կողմից 2023թ. փետրվարի 3-ին հայտարարված դիվանագիտական ծառայության թափուր պաշտոնների համար մրցույթի դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգվել է մինչև 2023թ. մարտի 1-ը ներառյալ:
Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
ԱԳՆ-ն տեղեկացնում է նաև, որ մրցույթի գրավոր փուլի անցկացման օրը մնում է
անփոփոխ’ 2023թ. մարտի 15-ը:
Ներկայացնում ենք ԱԳՆ-ի հայտարարությունն ամբողջությամբ:
Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով և ՀՀ արտաքին գործերի նախարարի 2018թ. դեկտեմբերի 10-ի «Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 2616-Ն հրամանով՝ ՀՀ ԱԳՆ մրցութային-ատեստավորող հանձնաժողովը հայտարարում է մրցույթ` հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար.
Ամերիկյան երկրների վարչության Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրների բաժնի 3-րդ քարտուղար
Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության Հյուսիսարևելյան Ասիայի բաժնի 3-րդ քարտուղար
Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության Հյուսիսարևելյան Ասիայի բաժնի կցորդ
Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության Հարավային Ասիայի բաժնի 2-րդ քարտուղար
Հյուպատոսական վարչության վիզաների բաժնի կցորդ
Սահմանակից երկրների վարչության երկկողմ հարաբերությունների երրորդ բաժնի կցորդ
Սահմանակից երկրների վարչության երկկողմ հարաբերությունների երրորդ բաժնի կցորդ
Սահմանակից երկրների վարչության սահմանազատման հարցերի բաժնի 2-րդ քարտուղար
Եվրասիական տարածաշրջանի վարչության երկկողմ հարաբերությունների բաժնի կցորդ
Եվրասիական տարածաշրջանի վարչության Ռուսաստանի բաժնի կցորդ
Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության Արաբական թերակղզու բաժնի կցորդ
Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության Աֆրիկայի բաժնի կցորդ
Լրատվության և հանրային դիվանագիտության վարչության լրատվամիջոցների հետ կապի և հանրային դիվանագիտության բաժնի կցորդ
Լրատվության և հանրային դիվանագիտության վարչություն օպերատիվ-տեղեկատվական բաժնի 2-րդ քարտուղար
Միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության երկկողմ միջազգային պայմանագրերի բաժնի 3-րդ քարտուղար
Պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի կցորդ
Նշված պաշտոններին ներկայացվող հիմնական պահանջներն են.
ա/ ՀՀ քաղաքացիություն,
բ/ հայերենի և առնվազն երկու օտար լեզվի ազատ տիրապետում,
գ/ բարձրագույն կրթություն (հավատարմագրված մասնագիտություն ստանալու մասին վկայագիր),
դ/ համակարգչային գիտելիքներ:
Մրցույթին մասնակցելու համար սահմանվում են հանրային ծառայության ոլորտում կամ միջազգային կազմակերպություններում համապատասխան աշխատանքային ստաժի և փորձի հետևյալ չափանիշները.
2-րդ քարտուղար՝ առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ,
3-րդ քարտուղար՝ առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ,
կցորդի համար աշխատանքային ստաժ չի պահանջվում:
2-րդ քարտուղարի պաշտոնային դրույքաչափը՝ 221 312 ՀՀ դրամ է,
3-րդ քարտուղարի պաշտոնային դրույքաչափը՝ 189 696 ՀՀ դրամ է,
Կցորդի պաշտոնային դրույքաչափը՝ 163 072 ՀՀ դրամ է:
Ամերիկյան երկրների վարչության Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրների բաժնի 3-րդ քարտուղարի պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ է իսպաներենի գերազանց իմացություն:
Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության Հյուսիսարևելյան Ասիայի բաժնի 3-րդ քարտուղարի պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ է չինարենի գերազանց իմացություն:
Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության Հյուսիսարևելյան Ասիայի բաժնի կցորդի պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ է ճապոներենի գերազանց իմացություն:
Սահմանակից երկրների վարչության երկկողմ հարաբերությունների երրորդ բաժնի կցորդի պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ է պարսկերենի գերազանց իմացություն:
Սահմանակից երկրների վարչության երկկողմ հարաբերությունների երրորդ բաժնի կցորդի պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ է պարսկերենի գերազանց իմացություն:
Եվրասիական տարածաշրջանի վարչության երկկողմ հարաբերությունների բաժնի կցորդի պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ է ռուսերենի և թուրքերենի գերազանց իմացություն:
Եվրասիական տարածաշրջանի վարչության Ռուսաստանի բաժնի կցորդի պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ է ռուսերենի գերազանց իմացություն:
Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության Արաբական թերակղզու բաժնի կցորդի պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ է արաբերենի և անգլերենի գերազանց իմացություն:
Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության Աֆրիկայի բաժնի կցորդի պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ է արաբերենի գերազանց իմացություն:
Լրատվության և հանրային դիվանագիտության վարչության լրատվամիջոցների հետ կապի և հանրային դիվանագիտության բաժնի կցորդի պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ է անգլերենի և ֆրանսերենի գերազանց իմացություն:
Լրատվության և հանրային դիվանագիտության վարչության օպերատիվ-տեղեկատվական բաժնի 2-րդ քարտուղարի պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ է ռուսերենի գերազանց իմացություն:
Միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության երկկողմ միջազգային պայմանագրերի բաժնի 3-րդ քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ է իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն:
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ ՀՀ Սահմանադրության, պետական կառավարման համակարգի, դիվանագիտական ծառայության հիմունքների, ներքին և արտաքին քաղաքական խնդիրների, հայ ժողովրդի պատմության, միջազգային հարաբերությունների իմացությունը, վերլուծական ունակությունները և լեզուների իմացությունը ստուգելու նպատակով գրավոր քննության և հարցազրույցի:
Յուրաքանչյուր դիմորդ կարող է դիմում ներկայացնել վերոնշյալ պաշտոններից միայն մեկի համար:
Գրավոր քննությունն անցկացվելու է 2023թ. մարտի 15-ին ժամը 10:30 ՀՀ ԱԳՆ վարչական շենքում (ք.Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3):
Հարցազրույցին մասնակցելու իրավունք են ձեռք բերում մրցույթի այն մասնակիցները, ովքեր ճիշտ են պատասխանել գրավոր աշխատանքի բաղադրիչներից ընդհանուրն առնվազն 75 տոկոսին՝ պայմանով, որ որևէ բաղադրիչով հավաքած միավորը պակաս չլինի 70 տոկոսից:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
ա/ դիմում՝ անձնակազմի կառավարման վարչության կողմից սահմանված ձևով (ԴԻՄՈՒՄ) և ինքնակենսագրություն (CV),
բ/ անձը հաստատող փաստաթուղթ,
գ/ բարձրագույն կրթությունը հաստատող պետական նմուշի կամ օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից տրված, Հայաստանի Հանրապետությունում վավեր ավարտական փաստաթուղթը՝ համապատասխան ներդիրով,
դ/ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին (անրաժեշտության դեպքում),
ե/ էլեկտրոնային լուսանկար՝ 3×4 սմ չափսի,
զ/ զինապարտ լինելու դեպքում՝ զինվորական գրքույկի պատճենը, իսկ ժամկետային զինվորական ծառայություն չանցած արական սեռի անձանց՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով զինվորական հաշվառման մեջ գտնվելու, ժամկետային զինվորական ծառայությունից ազատված լինելու կամ ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունք ունենալու վերաբերյալ համապատասխան տեղեկանք,
է/ հայտարարություն այն մասին, որ անձը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված դիվանագիտական ծառայությանը խոչընդոտող հիվանդությամբ, դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ դատական կարգով չի զրկվել հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից, չի դատապարտվել հանցագործություն կատարելու համար կամ հանցագործության կատարման դեպքում դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված է (Ձև 1),
ը/ համաձայնություն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում անձի վերաբերյալ պահվող տեղեկություններին ծանոթանալու մասին (Ձև 2):
Մրցույթի մասնակիցներն իրենց հայեցողությամբ կարող են ներկայացնել նաև մասնագիտական գիտելիքները և գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր:
Մրցույթի փաստաթղթերի ընդունումն իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով, պահանջվող փաստաթղթերը, դիմումը, Ձև 1-ը և Ձև 2-ը լրացված տարբերակով անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Վերը նշված փաստաթղթերի ընդունումն իրականացվելու է աշխատանքային օրերին՝ 2023թ. մարտի 1-ը ներառյալ, վերջնաժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն ընդունվելու:
Տեղեկությունների համար դիմել ՀՀ ԱԳՆ անձնակազմի կառավարման վարչություն, հեռ. (060) 620-630: