Աշխատանքի միջազգային կազմակերպության տնօրենն առաջարկել է, որ Հայաստանը մաս կազմի Սոցիալական արդարության գլոբալ կոալիցա ստեղծելու իր նախաձեռնությանը
Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի հետ։
Ինչպես տեղեկանում ենք ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացվող ու նախատեսվող բարեփոխումներին, այդ թվում՝ զբաղվածության ռազմավարության մշակմանը, Հայաստանում աշխատանքային վեճերի արտադատական լուծման ինստիտուտի և գործազրկության ապահովագրության համակարգի հնարավոր ներդրմանն առնչվող մի շարք հարցեր։
Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ԱՄԿ ղեկավարին սերտ և արդյունավետ համագործակցության, ինչպես նաև ոլորտային բարեփոխումներին աջակցելու համար։ Նախարարի խոսքով՝ կազմակերպության հետ փոխգործակցությունը նպաստում է աշխատողների և գործատուների իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը, սոցիալական գործընկերների համագործակցության ամրապնդմանը։
Համակարծիք լինելով ԱՍՀ նախարարության կողմից սահմանված առաջնահերթություններին՝ Գիլբերտ Հունգբոն վերահաստատել է պատրաստակամությունը՝ ներդնելու ոլորտային համագործակցությանն ուղղված անհրաժեշտ ռեսուրսներ ու ջանքեր։
Գիլբերտ Հունգբոն հայ նախարարին ներկայացրել է նաև Սոցիալական արդարության գլոբալ կոալիցա ստեղծելու իր նախաձեռնությունը և առաջարկել, որ դրա մաս կազմի նաև Հայաստանը։ Զրուցակիցները քննարկել են տարեվերջին Հայաստանում ԱՄԿ տնօրենի մասնակցությամբ ոլորտային համաժողով անցկացնելու հնարավորությունը ևս։
Զրույցի շրջանակում Նարեկ Մկրտչյանը Գիլբերտ Հունգբոյին ներկայացրել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը․ այս մասին նախարարն ավելի վաղ ԱՄԿ գործընկերոջը տեղեկացրել էր նաև պաշտոնական գրագրությամբ։